Վարչական ռեսուրսի կիրառման ահազանգեր կան
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների բնակիչներ։ Արաբկիր վարչական շրջանի բնակիչը բողոքում էր, որ ամբողջ շենքն աղտոտում են իշխող «Իմ քայլը» դաշինքի բուկլետներով և քարոզչական նյութերով, որոնք բնակիչները վերցնելուց հետո նետում են աստիճանավանդակների վրա, վերելակների մեջ, կամ օրը մի քանի անգամ նրանց դռներն են թակում երիտասարդներ՝ առաջարկելով քարոզչական այդ նյութերը և բնակիչներին կոչ անում ընտրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։
«Արդեն էնքան են զզվացրել, որ դռները չենք բացում»,- ասաց քաղաքացին՝ խնդրելով գրել այս մասին, որպեսզի գոնե այնպես բաշխեն իրենց քարոզիչներին, որպեսզի օրվա մեջ մեկ քարոզիչ դռան զանգը հնչեցնի. «Հիվանդ մարդիկ կան, երեխաներ կան, ի վերջո, զզվացնում են»։ Մեր խնդրանքին, որպեսզի զանգահարող քաղաքացին ներկայանա, վերջինս պատասխանեց. «Իմանան, որ հետո հետևիցս գա՞ն»։
Իսկ Կենտրոն վարչական շրջանի բնակչուհին ասում էր, որ իրենց շրջանի համատիրության ղեկավարները լծված են «Իմ քայլը» իշխանական ուժի քարոզչությանը։ Ըստ բնակչի՝ Կենտրոն վարչական շրջանում համատիրությունների ղեկավարներին ստիպում են գիշերվա կեսին նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի տարբեր թեկնածուների բուկլետներ և նախընտրական ծրագրերը բաժանել։
Լուսինե Կարապետյան