Բաժիններ՝

«Մերօրյա ոստիկանությունը որդեգրել է կանխարգելելու քաղաքականություն». Վալերի Օսիպյան

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ոստիկանության պետը աշխատանքային այցով Լոռիում էր։ Վալերիյ Օսիպյանը Վանաձորում հանդիպում ունեցավ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների ու նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Վալերիյ Օսիպյանը նախընտրական շրջանում ոստիկանության իրականացրած կանխարգելիչ միջոցառումները մանրամասն ներկայացնելուց հետո հույս հայտնեց, որ ազատ և թափանցիկ ընտրություններ ունենալով մտահոգված են նաև թեկնածուներն ու նախընտրական շտաբների ղեկավարները։ Այս առումով կարևորվեց նրանց և ոստիկանության ծառայողների ակտիվ համագործակցությունը, ինչի արդյունքում ևս կբացառվեն ընտրախախտումները։

«Մերօրյա ոստիկանությունը որդեգրել է կանխարգելելու քաղաքականություն»,- ընդգծեց Վալերիյ Օսիպյանը՝ ներկայացնելով ոստիկանության պատրաստած թռուցիկները, որոնք հիշեցնում են ընտրություններին առնչվող արգելված գործողությունների մասին։ Վալերիյ Օսիպյանը հավաստիացրեց, որ Լոռու ոստիկանները տիրապետում են մարզում տիրող իրավիճակին, ուստի քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման նկատմամբ ցանկացած ոտնձգություն չի վրիպելու նրանց ուշադրությունից։

Նույն օրը Վալերիյ Օսիպյանը հանդիպեց նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը նախ ամփոփեց անցած ամիսների ընթացքում Լոռու ոստիկանների կատարած աշխատանքը, վեր հանեց առկա թերությունները, կոնկրետ հանձնարարականներ տվեց դրանց օպերատիվ վերացման ուղղությամբ։ Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության Լոռու մարզային վարչության գործելակերպին՝ հատուկ շեշտելով, որ գործեն անկաշկանդ և, ամենակարևորը, օրենքի շրջանակներում։

«Մենք պարտավոր ենք անթերի կատարել օրենքով մեզ վերապահված լիազորությունները՝ աննախադեպ ազատ ու թափանցիկ ընտրություններ արձանագրելու համար»,- նշեց ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը Լոռու ոստիկաններին խիստ հրահանգեց ուշադրության կենտրոնում պահել մարզի, այսպես ասած՝ քրեական հեղինակություններին՝ բացառելով նրանց ներգործությունը քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացման վրա։ Հանդիպմանը քննարկվեցին նաև Լոռու մարզի օպերատիվ իրավիճակին առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս