
Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը 125 երկրների շարքում՝ նախորդ տարվա 52-ի փոխարեն: «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվել է Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից:
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեիկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զեկույցում նշված է, որ Հայաստանն ամրապնդում է էլեկտրաէներգիայի բնագավառում կապերը հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ. Իրանի հետ ընթացքի մեջ է 400 կՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, նման ծրագիր է մշակվում նաև Վրաստանի հետ:
Ըստ զեկույցի՝ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում զարգացել է արևային էներգետիկայի ոլորտը: Գործարկվել է 4 ՄՎտ ընդհանուր հզորությամբ 4 ֆոտովոլտային կայան:
Առաջիկա տարիներին Հայաստանը կշարունակի զարգացնել վերականգնվող էներգետիկայի ներուժը, մասնավորապես՝ արևային էներգիայի:
«Հայաստանը նաև մասնակցում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծմանը»,- նշված է զեկույցում:
«էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում երկրների էներգետիկական ցուցանիշները գնահատվում են երեք չափորոշիչներով՝ էներգետիկ անվտանգություն, էներգետիկական կապիտալ և բնապահպանական կայունություն՝ հիմնված գլոբալ և ազգային տվյալների վրա:
Նշենք, որ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ը կազմվում է ամեն տարի Համաշխարհային Էներգետիկ խորհրդի կողմից՝ Oliver Wyman խորհրդատվական կազմակերպության գործընկերությամբ: