2024 թվականին աշխարհի բնակչության 40 տոկոսից ավելին կապրի 5G-ի գործողության գոտում. հետազոտություն
2024 թվականի վերջին աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսը կապրի շարժական կապի հինգերորդ սերնդի՝ 5G-ի ցանցերի գործողության գոտում: Այդ մասին ասված է Ericsson Mobility Report հաշվետվության մեջ:
«2024 թվականի վերջին 5G-ի ցանցերի գործողության գոտում կապրի բնակչության ավելի քան 40 տոկոսը, իսկ բարելավված շարժական լայնաշերտ ցանցերի մուտքի միացումների թիվը կհասնի 1,5 միլիարդի: Համաշխարհային մասշտաբով 5G-ի ծավալման տեմպերը կլինեն ավելի բարձր, քան նախորդ սերունդների շարժական տեխնոլոգիաներինը»,- նշվում է հաշվետվության մեջ:
5G տեխնոլոգիայի առավելությունների թվում են ցանցի մեծ տարողությունը, թրաֆիկի հաղորդման արժեքի նվազումը՝ մեկ գիգաբայթի հաշվարկով եւ օգտագործման նոր սցենարների պահանջների ապահովման ունակությունը: Ericsson-ի կանխատեսման համաձայն՝ առաջիկա տարիներին 5G-ի բնագավառում առաջատարները կլինեն Հյուսիսային Ամերիկան եւ Հյուսիսարեւելյան Ասիան:
«2024 թվականի վերջին Հյուսիսային Ամերիկայում 5G-ի ցանցերին բաժին կընկնի շարժական միացումների 55 տոկոսը, իսկ Հյուսիսարեւելյան Ասիայում՝ 43 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ Արեւմտյան Եվրոպայի երկրներում շարժական միացումների սոսկ 30 տոկոսը կիրականացվի 5G տեխնոլոգիայի հիմքի վրա»,- ասված է հաշվետվության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: