«Չեմ կարծում, որ Հանրապետականը 4% կամ 5%-ի կռիվ պետք է տա. ՀՀԿ-ն բազմաթիվ հետևորդներ ունի»
Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ
– Պարոն Շարմազանով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր հրաժարականի ժամկետը՝ հոկտեմբերի 16, և արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-10։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։
– Սահմանադրությունը վարչապետին հնարավորություն է տալիս հրաժարական տալ՝ երբ ցանկանա, և այս մասով ոչինչ չեմ կարող մեկնաբանել, դա իր իրավունքն է, ուզում է՝ հրաժարական տա, ուզում է՝ չտա։ Տվյալ դեպքում Սահմանադրությամբ տրված լիազորություն է դա։ Երկրորդ՝ կարիք կա՞ տալու, թե՞ ոչ՝ չեմ կարծում, որ մայիսի 8-ին երկրի խորհրդարանը վարչապետ է ընտրել, որպեսզի նա 5-6 ամիս հետո հրաժարական տա։ Նա ներկայացրել էր կառավարության ծրագիր, որը հաստատվել էր ԱԺ-ի կողմից, որի իրականացման համար ոչ մի քայլ չի արվել՝ ո՛չ ներդրում, ո՛չ տնտեսական աճ, ո՛չ թռիչքային զարգացման միտումներ, ո՛չ աշխատատեղերի ստեղծում, ո՛չ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություն, եթե չասենք հակառակը՝ աշխատատեղերի փակում կա, զորօրինակ՝ Ալավերդու դեպքը։ Բերել են հապճեպ, ափալ-թափալ Ընտրական օրենսգիրք են ուզում ընդունել։ Եվ այդ իմաստով քաղաքական որևէ լուրջ դրդապատճառ չկա։ Բայց իրավական առումով ինքը հնարավորություն ունի, այսօր իրենց ձեռնտու են այս ժամկետները, և եթե Սահմանադրությունը թույլ է տալիս, մեր կողմից ընդունել-չընդունելն էական չէ։ Բայց կրկնում եմ, որ ես իմ կարծիքին եմ մնում։
– Դուք Ձեր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էիք, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք չունի չմասնակցել խորհրդարանական ընտրություններին։
– Այո, ես միշտ էլ ասել եմ, որ քաղաքական ուժը պետք է մասնակցի համապետական ընտրություններին, և այն քաղաքական գործիչների թվին ինձ չեմ դասում, որ տարին մեկ, 6 ամիսը մեկ, իրականության փոփոխությունից ելնելով, սկզբունքներ են փոխում։ Իմ սկզբունքը շատ հստակ է՝ եթե դու քաղաքական ուժ ես, դու պետք է մասնակցես ընտրությունների՝ անկախ նրանից, թե այդ ընտրությունների ժամկետները կամ պայմանները քեզ ձեռնտո՞ւ են, թե՞ ձեռնտու չեն, որովհետև ընտրությունների չմասնակցելը որևէ բան չի տալու որևէ կուսակցության, իսկ ընտրություններին մասնակցելը հնարավորություն է ձայներ հավաքելու, կարծիք արտահայտելու այս կամ այն արտաքին և ներքին քաղաքական իրադարձության վերաբերյալ, այդ թվում՝ Հայաստանի ապագայի հետ կապված։
Կյանքն այսօր չի ավարտվում, որ ասենք՝ վայ, վայրէջքի մեջ ենք, և չմասնակցենք ընտրությունների։ Իմ կարծիքն այն է, որ, կուսակցության ներսում էլ եմ ասել, որ չի կարելի չմասնակցել ընտրությունների, քաղաքական ուժը, հատկապես՝ Հանրապետականի նման քաղաքական ուժը պետք է մասնակցի ընտրությունների իր ծրագրով, իր թիմով, իր ասելիքով։ Եվ գտնում եմ, որ յուրաքանչյուր վայրէջք նոր վերելքի սկիզբ է։ Իսկ եթե որոշ մարդիկ մտել են Հանրապետական կուսակցություն պաշտոնների համար, կուսակցական տոմսն իրենց գրպանն են դրել իրենց իշխանությունը երկարացնելու համար, դա իրենց խնդիրն է։ Ես Հանրապետական կուսակցություն մտել եմ, երբ աշխատում էի դպրոցում, դասից հետո էլ բանվորություն էի անում։ Ես չեմ մտել ո՛չ պաշտոնի, ո՛չ էլ մանդատի համար։ Ես մտել եմ գաղափարի համար, իմ առաջնորդների՝ Վազգեն Սարգսյանի, Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, իսկ 6 տարի անց՝ կուսակցության նախագահ դարձած Սերժ Սարգսյանի քաղաքական գծին հավատալու և այդ հավատամքով առաջ շարժվելու համար։ Իսկ քաղաքականությունը պայքար է, վերելք ու վայրէջք է։
Եթե մարդիկ մտնում են ու կարծում, որ քաղաքականությունը միայն հաղթողի կողքին կանգնելն ու ասելն է, որ հաղթողն ազնիվ է, միայն նրան պետք է սատարենք, ես այդպես չեմ կարծում։ Ես գտնում եմ, որ, եթե դու քաղաքականության մեջ ես ու քաղաքական ուժ ես, ոչ թե գարեջրի սիրահարների միություն, դու պետք է մասնակցես ընտրություններին։
– Հետևաբար՝ Հանրապետականը կմասնակցի՞ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, կա՞ քաղաքական որոշում։
– Նման քննարկում չի եղել դեռևս, կմասնակցի՞, թե՞ ոչ՝ կպարզվի քվեարկությամբ։ Բայց այն, որ ես այս ամենն ասել ու ասելու եմ կուսակցության խորհրդի և գործադիր նիստերում, պարզ է։ Իմ կարծիքը ո՛չ կուսակցության ղեկավարի, ո՛չ իմ կուսակցական գործընկերների համար գաղտնիք չէ։ Մարդիկ կան, որ ասում են՝ բա որ մասնակցենք ու քիչ ձայն հավաքենք։ Է, քիչ ձայն հավաքեք։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է մասնակցես ու միշտ հաղթես։ Եթե այդպես լիներ, ֆուտբոլի աշխարհի առաջնությանը 32 թիմ է մասնակցում, բայց միայն մեկն է դառնում չեմպիոն, մնացած 31-ն ասեն՝ որ չենք դառնալու, չմասնակցե՞նք։ Ի՞նչ է, մենք մեր ընտրողներին, մեր ժողովրդին ասելիք չունե՞նք։ Ի՞նչ անենք, որ շատերն էյֆորիայի տակ են ու Նիկոլ Փաշինյանին են վստահում։ Լավ են անում։
Բայց կյանքն այսօր չի ավարտվում, քաղաքական պրոցեսներն այսօր չեն ավարտվում, Հայաստանի առջև առկա լուրջ մարտահրավերներն այսօր չեն ավարտվում։ Եվ ես կարծում եմ, որ քաղաքական ուժը, որը երկար տարիներ եղել է իշխանություն, եղել է անկախության ակունքներում, եղել է Արցախյան պայքարի ղեկավարներից մեկը, մասնակցել է այդ պայքարին, որն իր թերություններով ու սխալներով հանդերձ՝ շատ դրական բաներ է արել Հայոց պետականության ամրապնդման համար, որի ներկայացուցիչներն առ այսօր տարբեր միջազգային հարթակներում հաջողությամբ պաշտպանում են ՀՀ շահը, իրավունք չունի մի կողմ քաշվի ու ասի՝ դե, հիմա մեր ռեյտինգն այն չի, չմասնակցենք ընտրություններին։
Ես չգիտեմ՝ իմ գործընկերների մի մասն ինչպես է կարծում, կքննարկենք, կտեսնենք, բայց ես այդ կարծիքին եմ, և, եթե նույնիսկ մենակ էլ մնամ, այդ կարծիքը չեմ փոխելու։ Այո՛, Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին։ Եվ ես այն կարծիքին չեմ, որ մասնակցենք՝ քիչ ձայն կհավաքենք։ Ինչո՞ւ։ «Սասնա ծռերը» մասնակցեն, ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն մասնակցեն, ՔՊ-ն ու «Բարգավաճը» մասնակցեն, Հանրապետականը չմասնակցի՞։ Բա, մենք էինք ասում, որ գաղափարական քաղաքական ուժ ենք, իսկ այդ դեպքում դու պետք է քո ծրագիրը ներկայացնես։ Ոչինչ, թող ժողովրդի փոքրամասնությունը քեզ ձայն տա, բայց դու իրավունք չունես քո կարծիքը չարտահայտելու։ Ով չի ուզում, թող չմասնակցի։ Ազատ է։
Ի՞նչ է, որևէ մեկի համար զարմանալի՞ էր, որ հետխորհրդային շրջանում ՀՀ-ում իշխանական կուսակցությունում ոչ բոլորն են նվիրյալներ կամ գաղափարականներ։ Եթե ՀՀՇ-ն մի քանի ժամում է քանդվել, Հանրապետականում էլ 5-րդ ամսում մարդիկ որոշեցին ստորագրահավաք սկսել կամ սատարել նոր իշխանություններին։
Ես որևէ մեկի վրա քար չեմ նետում կամ գնահատական չեմ տալիս արածներին, պատմությունը գնահատական կտա։ Ես իմ կուսակցության և՛ դրականի, և՛ բացասականի տերն եմ, քաղաքական գծի շարունակողն եմ և գտնում եմ, որ կուսակցությունը և՛ ասելիք, և՛ անելիք ունի քաղաքական դաշտում։ Նաև՝ ես 7 տարի ԱԺ փոխնախագահ եմ, ո՛չ որևէ տենդերի մեջ եմ եղել, ո՛չ պետական բյուջեից մի լումա եմ կերել, ո՛չ էլ որևէ մեկին «կռիշ» եմ եղել։
– Նախկինում էլ խոսվում էր ՀՀԿ-ում տարբեր խմբերի և ուղղությունների առկայության մասին, հիմա ավելի ակնհայտ է դա, և հրաժարման պրոցես է սկսվել։ Սպասելի՞ էր այս իրավիճակը։
– Քաղաքականության մեջ անսպասելի բաներ չեն լինում, պետք է բոլոր ռիսկերը հաշվարկես։ Ես չգիտեմ՝ ով է հրաժարվում, մարդ կա՝ սառեցնում է իր քաղաքական պայքարը, մարդ կա՝ գնահատման փուլում է, մարդ կա՝ նոր իշխանություններին է արդեն ծափահարում։
Տարբեր մարդիկ կան, և ինչքան մարդիկ՝ այնքան կարծիքներ։ Մարդիկ էլ կան՝ իմ նման միամիտ լոռեցիներ, որոնք շարունակում են հավատալ Հանրապետականին, իր ղեկավարին, թիմին, ներուժին և իր գաղափարախոսությանը։ Ես շատ լավատես եմ, որ մեր երկրում ամեն ինչ լավ է լինելու։ Մենք ասել ենք՝ արժեքային քրիստոնեական և հայ ավանդական ընտանեկան համակարգը պետք է պաշտպանենք, Արցախի արդար դատը և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք է պաշտպանենք, ՀՀ-ի ստանձնած պարտավորությունները թե՛ ԵԱՏՄ-ում, թե՛ ԵՄ-ում պետք է պաշտպանենք։ Եթե տեսնում ենք, որ իշխանությունը սխալներ է գործում, առանց անձնավորելու՝ դրա մասին պետք է ասենք։ Իշխանությունը վայելք չէ։ Ինձ համար իշխանությունը, բացի պատասխանատվությունից և ծառայողական ավտոմեքենայից, այլ բան չի տվել, տվել է հնարավորություն՝ ծառայելու ՀՀ-ին, որի համար շատ շնորհակալ եմ։
– Վերլուծաբանները նշում են ՀՀԿ-ի ռեբրենդինգի անհրաժեշտության մասին։ Տեղեկություններ կան, որ Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի հետ քննարկվում է կուսակցության վերափոխման ճանապարհային քարտեզը։ Կա՞ նման գործընթաց։
– ՀՀԿ-ն տարբեր միջազգային գործընկերների հետ ունի շատ դրական հարաբերություններ, տարբեր հիմնադրամների հետ ունենք լավ համագործակցության փորձ, այդ թվում՝ Կոնրադ Ադենաուերի, և պետք է շարունակենք այդ համագործակցությունը։ Ինչ վերաբերում է ռեբրենդինգին, ես դրան դեմ եմ։ Ի՞նչ է նշանակում՝ ռեբրենդինգ։
Պարզապես պետք է կուսակցությունից գնան նրանք, որ անելիք չունեն, անելիք ունեցողները պետք է մնան, և կուսակցությունը վերադառնում է իր ակունքներին։ Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք և պարտավոր ենք այդ գաղափարախոսությունն առաջ տանել՝ հաշվի առնելով 21-րդ դարի իրողությունները։
– Լուրեր են շրջանառվում, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը, որ խորհրդարան պետք է անցնեն առնվազն 4 ուժեր, նաև հանուն ՀՀԿ-ի է, որ այն ներկայացված լինի ԱԺ-ում։
– Ի՞նչ է նշանակում՝ հանուն Հանրապետականի։ Նախ՝ ես չեմ կարծում, որ Հանրապետականը 4% կամ 5%-ի կռիվ պետք է տա։ Հանրապետականն ունի բազմաթիվ հետևորդներ։ Ես իմ անձնական օրինակի վրա եմ վերցնում՝ ես հիմա քաղաքացիներից ավելի շատ եմ ստանում դրական զանգեր, քան՝ երբ եղել եմ իշխանության մեջ։ Եվ համոզված եմ, որ նույնն է իմ շատ գործընկերների հետ։ Չեմ ասում, որ Փաշինյանի նման, բայց այնպես չէ, որ Հանրապետականի ձայնը լսելի չի, Էդուարդ Շարմազանովի ու իմ գործընկերների ասածը 3 մլն-ի համար անտարբեր է։
Ո՛չ, կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք, եթե նույնիսկ դուրս չեն գալիս փողոց՝ հանրահավաք անում, բայց լսում են մեր ասածն ու որոշակի հույսեր են կապում մեզ հետ։ Որովհետև Հայաստանում բազմակարծություն է։ Վա՛յ այն երկրին, որտեղ բոլորը պետք է ծափահարեն մի կարծիքի։ Ես դա ասել եմ, և՛ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն եմ ասում։ Ես կարծում եմ՝ բավականին շանսեր կան՝ լավ աշխատանքի դեպքում լուրջ ձայներ հավաքելու։ Չե՞նք հավաքի, ուրեմն կուսակցությունը կվերլուծի՝ ինչու է այդպես, և կպատրաստվի առաջիկա հնգամյակի ընտրություններին։ Բայց չմասնակցելը, կարծում եմ, ճիշտ չէ։