Կիմ Գաբրիելյանը վերընտրվել է Արցախի ժուռնալիստների միության նախագահ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի ժուռնալիստների միության հինգերորդ համագումարը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համագումարին օրակարգային հարցերը վերաբերում էին Արցախի ժուռնալիստների միության կանոնադրության մեջ լրացումներ կատարելուն, վարչության կատարած աշխատանքի և վերստուգիչ հանձնաժողովի նախագահի հաշվետվություններին, վարչության նախագահի, անդամների և վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններին:
Բացման խոսքում անցած 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությամբ հանդես է եկել միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:
Նա մասնավորապես նշել է, որ հաջողվել է կազմակերպության համար ձեռք բերել գրասենյակ՝ հարմարավետ դահլիճով, որտեղ պարբերաբար կազմակերպվում են տարաբնույթ թեմաներով քննարկումներ, շնորհանդեսներ:
«Միության տեսադաշտից դուրս չեն մնացել շրջանային թերթերի խնդիրները: Այդ շրջանակում մասնավորապես մեր օժանդակությամբ ստեղծվել է Քաշաթաղի շրջանի «Մերան» և Ասկերանի շրջանի «Բերդ» թերթերի կայքէջերը: Խնդիր է դրված նպաստել նաև մյուս թերթերի կայքէջերի ստեղծմանը»,- ավելացրել է Կ. Գաբրիելյանը:
Համագումարին միության նախագահն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի՝ ընդգծելով, որ լրատվամիջոցների աշխատողների աշխատավարձերը ցածր են, ինչը լրացուցիչ սոցիալական խնդիրներ է ստեղծում արդյունավետ աշխատանք իրականացնելու համար:
Նրա խոսքով՝ միության անդամ Մհեր Հարությունյանի ջանքերով արդեն պատրաստ է լրագրողական հանրագիտակը, որը շուտով կհանձնվի տպագրության: Այն նախորդ պրակի համեմատ՝ իր ծավալով կրկնակի ավել է: Նոր հրատարակության մեջ ներառվում է նաև Արցախի մամուլի պատմությունը՝ համալրված տեսքով:
Այնուհետև միության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ֆինանսական ծախսերի հաշվետվությունը, որի համաձայն՝ Արցախի ժուռնալիստների միությունը յուրաքանչյուր տարվա կտրվածքով պետական բյուջեից ստացել է 1 միլիոն 500 հազար դրամ:
«2015-17 թթ.-ին պետբյուջեից ստացել է, ընդհանուր առմամբ, 4 միլիոն 500 հազար դրամ, որից խնայված գումարների հանրագումարը կազմել է 956 հազար 836 դրամ: Վարչությունը վարել է հավասարակշռված և խնայողական ֆինանսական, տնտեսական քաղաքականություն»,- նշել է Գ. Բեգլարյանը:
Համագումարի ընթացքում զեկուցողները բավարար են գնահատել վարչության կատարած աշխատանքը:
Նիստում քննարկվել են նաև դաշտում առկա խնդիրները, մասնավորապես լրագրող Արտակ Ղուլյանը նշել է, որ բուհերում լրագրության բաժնի շրջանավարտները խնդիր ունեն աշխատաշուկայում, քանի որ նրանց մասնագիտական որակաորումը չի համապատասխանում լրատվական դաշտի արդի պահանջներին:
«Բուհ-աշխատաշուկա հարաբերություններում Արցախի ժուռնալիստների միությունը պետք է լինի կամուրջ: Պետք է կազմակերպել նոր սերնդի լրագրողների պատրաստում»,- ավելացրել է Ա. Ղուլյանը:
Իսկ Արցախի գրողների միության նախագահ, Արցախի ժուռնալիստների միության անդամ Վարդան Հակոբյանը նշել է, որ որպեսզի կատարելագործվի Արցախի տեղեկատվական դաշտը, պահանջվում են ջանքեր:
Նրա խոսքով՝ միությունը այս եզրույթում ծավալում է մեծ աշխատանքներ:
Համագումարին «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության» նախագահ, Արցախի ժուռնալիստների միության անդամ Վերա Գրիգորյանը ողջունել և շնորհավորել է միության անդամներին ակտիվ համագործակցության համար, իսկ միության նախագահ Կիմ Գաբրիելյանին պարգևատրել «Հայրենիք և Հավատ» հուշամեդալով:
Այնուհետև տեղի է ունեցել միության նոր նախագահի և վարչության անդամների ընտրություն: Միաձայն որոշմամբ Արցախի ժուռնալիստների միության նախագահ է վերընտրվել Կիմ Գաբրիելյանը:
Համագումարին քննարկվել են ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է Կիմ Գաբրիելյանին՝ Արցախի ժուռնալիստների միության նախագահ վերընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ աշխատանք: