Իրականում ինչու որոշվեց փակել բուքմեյքերական գործակալությունները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր «Վիճակախաղերի մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունների անհրաժեշտության մասին: Նա ընդգծել էր, որ խաղային ավտոմատները հատկապես մարզերում մարդկանց մղում են խաղամոլության: «Գազալցակայաններում եւ ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը նման հանձնարարություններ տվել է այն բանից հետո, երբ տասնյակ մտահոգիչ նամակներ է ստացել քաղաքացիներից:

Մարդիկ գրել են, որ օրեցօր տարածվող, ազատ գործող բուքմեյքերական գրասենյակներն ու խաղային ապարատները պարզապես դարձել են իրենց ընտանիքների քայքայման պատճառ, անգամ որոշ դեպքերում դրանք դարձել են երեխաների կյանքի սպառնալիք, երբ ոմանք մեծ գումարներ տանուլ տալուց հետո փորձել են ինքնասպանության գնալ:

Այս թեմայով որոշակի ուսումնասիրությունից հետո որոշվել է հանդես գալ օրենսդրական փոփոխություններով: Միայն թե միաժամանակ նկատենք, որ բուքմեյքերական գործակալությունները մեծ հարկատուներ են եւ, ըստ այդմ, դրանց փակվելը կարող է իր բացասական հետեւանքներն ունենալ նաեւ բյուջեի հավաքագրման առումով:

Կառավարության նիստում ունեցած ելույթում Փաշինյանն ինքն էլ նշել էր այդ մասին: Մնում է՝ կառավարությանը հաջողվի գտնել համարժեք լուծում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս