ԱՊՀ Վեհաժողովի լուսանկարում Հայաստանի նախորդ համակարգը ենթագիտակցորեն տեսել է իր մեկուսացումը, և աղմուկը այդ կապակցությամբ է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչ է կատարվել իրականում, անշուշտ, բավականին բարդ է հասկանալ: Ըստ ամենայնի, իրավիճակը համարժեք է բաժակը կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ լինելուն՝ նայած, թե ով ինչպես է հակված ներկայացնել լուսանկարն ու իրավիճակը ընդհանրապես:
Մի բան պարզ է, որ անշուշտ, Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները Եվրասիական տարածության համար օտար են, չեն տեղավորվում էլիտաների ընկալումների և արժեքային համակարգերի ծիրում: Եվ ակնառու է, որ Նիկոլ Փաշինյանն այդ առումով դեռևս երկար ժամանակ դուրս է մնալու ընդհանուր պատկերից:
Մյուս կողմից, սակայն, արդյո՞ք դա խնդիր է, կամ արդյոք դա պետք է դարձնել Հայաստանում խնդիր, հանրությանը տրամադրել դրան որպես խնդրի առկայություն, առաջ բերել մտահոգություն, կառուցել մինչև անգամ ապոկալիպտիկ սցենարներ, որոնց տողատակում կամ համատեքստում, այսպես թե այնպես, մի միտք է՝ այսինչ արեցինք մենք:
Դժվար չէ, իհարկե, ասել, թե հատկապես հայաստանյան ինչ շրջանակներ կարող են շահագրգռված լինել այդպիսի մատուցումներում, հանրությանն իր իսկ արածի հանդեպ վախ ներշնչելուն: Վերջին հաշվով, թավշյա հեղափոխության առանցքային ձեռքբերումներից մեկն էլ այն էր, որ հասարակությունը դադարեց վախենալ, սկսեց հավատալ ինքն իր ուժին, սկսեց լինել ինքնավստահ: Դա թերևս ամենասարսափելին է, որ կարող էր լինել նախկին համակարգի համար, քան նույնիսկ իշխանության կորուստը: Որովհետև այդ համակարգը իշխում էր արդեն մարդկային բնազդների վրա, կառավարում էր մարդկային վախերը մանիպուլյացիայի ենթարկելով:
Ահա այդ առումով, հասկանալի է, թե որտեղ կարող է լինել վախեր արթնացնելու, հասարակությանն իր իսկ ձեռքբերումից վախեցնելու շահագրգռությունը: Այդ շահառուները օգտագործելու են ցանկացած առիթ, անգամ լուսանկարները, հանրությանը վախեցնելու համար: Հատկապես այժմ, երբ թավշյա հեղափոխության գործընթացը մոտենում է իր՝ այսպես ասած, եզրագծին, և դրվում է խորհրդարանի արտահերթ ընտրության հարցը:
Միևնույն ժամանակ, հանրությանը վախեցնելու այդօրինակ փորձերն ու արդեն նույնիսկ լուսանկարներից կառչելը իր հերթին վկայում է այդ մարդկանց վախի աստիճանը: Գործնականում, ԱՊՀ Վեհաժողովի լուսանկարում Հայաստանի նախորդ համակարգը ենթագիտակցորեն տեսել է իր մեկուսացումը, և աղմուկը այդ կապակցությամբ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: