Պարզվել է Երևանում հայտնաբերված դիակի ինքնությունը. բերման ենթարկվածը նրա մերձավոր ազգականներից է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ տուժողը՝ 1957 թ. ծնված տղամարդը, նշված բնակարանում բնակվել է վարձակալական հիմունքներով, դիակի զննությամբ հայտնաբերվել են բազմաթիվ կտրած-ծակած վնասվածքներ։
Ոստիկանության աշխատակիցների հետ միասին ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով տուժողի մերձավոր ազգականներից է։ Վերջինս հայտնաբերվել է և բերման ենթարկվել։
Քննություն է տարվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։