Որտեղ է Ռոբերտ Քոչարյանը խոսել զոհերի մասին. ՀՔԾ պետը զգացմունքայի՞ն հայտարարություն է արել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2008 թվականի մարտի 1-ի արյունալի բախումների թեման շարունակում է բազում ու բազմապիսի հարցականներ պարունակել: Մենք այս եւ առաջիկայում մի քանի այլ հրապարակումներով կփորձենք ամենատարածված, բայց միեւնույն ժամանակ մութ մնացած հարցերը բարձրացնել՝ ակնկալելով դրանց պատասխանները ինչպես նախաքննող մարմնից, այնպես էլ մարտի 1-ի թեմայով մտահոգ հասարակական քաղաքական ուժերի ներկայացուցիչներից:
Մասնավորապես, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը վերջերս գաղտնալսված ձայնագրության հրապարակումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարություններ արեց, որոնք ավելի շատ հարցերի տեղիք տվեցին: ՀՔԾ պետը հայտարարեց, որ «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ: Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում:
Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի: Սա նախաքննությամբ արդեն հիմնավորվել է: Այս նորությունը բավարար էր, որ մեր դեմ իսկական որս սկսվեր»: Ու եթե իրապես ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին որեւէ անձեռնամխելիություն չի կարող փրկել խիստ պատժից: Իսկ եթե ՀՔԾ պետի ասածը չապացուցված եւ մտացածին եզրահանգում է, եւ Քոչարյանը նման բառեր չի ասել, ապա կարելի է եզրահանգում անել, որ ՀՔԾ պետը դա արել է պարզապես զգացմունքային ֆոն ստեղծելու համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: