Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 80 000 միգրանտներ ու փախստականներ
2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել է 80 հազարը, ավելի քան 1,7 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է: Այդ մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
«Սեպտեմբերի 23-ի դրությամբ Եվրոպա են ժամանել 80 հազար 602 միգրանտներ ու փախստականներ»,-Ժնեւում լրագրողներին հայտնել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը: «Պաշտոնապես փաստաթղթավորվել է Միջերկրական ծովում 1730 մարդու մահը»,-հավելել է նա:
2018 թվականին միգրացիայի հիմնական ուղղությունը Իսպանիան է, որին բաժին է ընկել ժամանածների 44 տոկոսը (ավելի քան 35,6 հազար մարդ): Հունաստանը տարեսկզբից ընդունել է շուրջ 23 հազար, Իտալիան՝ ավելի քան 21 հազար միգրանտների ու փախստականների: Իտալիա ներհոսը կտրուկ կրճատվել է. սեպտեմբերին այստեղ վեց անգամ ավելի քիչ միգրանտներ ու փախստականներ են ժամանել, քան Իսպանիա:
Պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանում Միջերկրական ծովով Եվրոպա էին ժամանել 130 հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ, իսկ 2016 թվականին՝ 302 հազարից ավելի: ՄՄԿ-ի տվյալներով՝ ընդամենն աշխարհում 2018 թվականի սկզբից ի վեր զոհվել են 2 հազար 735 միգրանտներ ու փախստականներ: Ընդ որում միգրացիայի՝ դեպի Եվրոպա միջերկրածովյան երթուղին մնում է ամենավտանգավորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: