Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցը կատարեց Չկալովկա եւ Նորաշեն համայնքներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այցի ընթացքում նրան ուղեկցեցին Չկալովկա համայնքի ղեկավար Վահրամ Կարապետյանը, Նորաշեն համայնքի ղեկավար Գառնիկ Գասպարյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ: Չկալովկա համայնքում մարզպետն այցելեց մանկապարտեզ, դպրոց եւ համայնքապետարան, որտեղ հանդիպեց կրթական հաստատությունների տնօրենների, մանկավարժների, համայնքապետարանի աշխատակիցների, ինչպես նաեւ գյուղի բնակիչների հետ: Դպրոցի տնօրենի եւ ուսուցիչների ներկայացման համաձայն՝ օրախնդիր հարց է դարձել սանհանգույցների կառուցումը, ինչպես նաեւ՝ երթեւեկող ուսուցիչների եւ աշակերտների համար երթեւեկության պատշաճ կազմակերպումը: Մարզպետը խոստացավ գտնել համապատասխան հնարավորություններ ու լուծումներ՝ տեղում հանձնարարականներ տալով մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը:
Համայնքի ղեկավարի եւ բնակիչների ներկայացման համաձայն՝ Չկալովկայում առաջնահերթ լուծում պահանջող խնդիր է համարվում Սեւան-Վարդենիս մայրուղուց մինչեւ գյուղամեջ տանող ճանապարհի հիմնանորոգումը: «Գյուղ մտնող ճանապարհն անբարեկարգ է, գնալով ավելի է դժվարանում հետագա շահագործումը, ուստի, խիստ անհրաժեշտ է մոտ կես կիլոմետր երկարության հասնող այդ ճանապարհի հիմնանորոգումը, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն»,- ներկայացրին Չկալովկայի գյուղապետն ու բնակիչները: Իշխան Սաղաթելյանը նշեց, որ հիմնախնդիրն արդեն ներկայացված է կառավարության ուշադրությանը եւ, ամենայն հավանականությամբ, իր լուծումը կստանա եկող տարվա ընթացքում:
Նորաշենում մարզպետն այցելեց դպրոց, համայնքապետարան եւ բուժկետ, որտեղ համայնքի ղեկավարի, դպրոցի տնօրենի եւ բնակիչների հետ քննարկեց հրատապ լուծում պահանջող հարցեր: Համայնքի ղեկավարի եւ դպրոցի տնօրենի ներկայացման համաձայն՝ գյուղի համար հրատապ լուծում պահանջող խնդիր է դպրոցական շենքի նորոգումը եւ արոտների ջրարբիացումը: «Դպրոցի շենքը չի նորոգվել իր շահագործման պահից՝ 1978 թվականից ի վեր: Նորագման խիստ կարիք ունեն կտուրը, պատուհաններն ու մուտքերի դռները: Համայնքի համար անչափ կարեւոր է արոտների ջրարբիացման խնդիրը, քանի որ մեր բնակիչների հիմնական զբաղմունքը եւ եկամտի աղբյուրն անասնապահությունն է, ինչը չի կարող զարգանալ առանց ջրարբիացված արոտների»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:
Դիտարկելով դպրոցի շենքային պայմանները եւ հաստատության կողմից տնտեսված դրամական միջոցների չափը՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը հանձնարարեց սեղմ ժամկետներում կազմակերպել մասնակի նորոգման աշխատանքներ: Անդրադառնալով արոտների ջրարբիացման խնդրին՝ մարզպետը հայտնեց, որ խնդրի շուրջ կարվի լրացուցիչ քննարկում, եւ միջոցների ու հնարավորությունների գտնվելուն պես կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր: «Համայնքային այցերի արդյունքում մենք մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում արդեն կունենանք մարզի բոլոր բնակավայրերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ արձանագրված կլինեն բոլոր հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները, գրավչությունները, զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները: Այս այցերի հիմնական նպատակն այն է, որ ամեն հիմնախնդիր կարողանանք հասկանալ ու գնահատել տեղում եւ հստակեցնել սպասվող ներդրումների ճշգրիտ հասցեականությունը: Չկալովկայում ու Նորաշենում բարձրացված բոլոր հիմնախնդիրները կգտնվեն մեր ուշադրության կենտրոնում ու մոտ ապագայում քայլ առ քայլ կստանան իրենց հիմնարար կամ մասնակի լուծումները»,- հավաստեց Գեղարքունիքի մարզպետը:
Խոսրով Խլղաթյան