
Գերմանիայի բնակիչների միայն 17 տոկոսն է գոհ Մերկելի քաղաքականությունից. հարցում

Գերմանիայի բնակիչների մեկ հինգերորդից պակաս մասն է գոհ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունից: Այդ մասին վկայում են YouGov սոցիոլոգիական ընկերության կողմից անցկացված հարցման տվյալները, որոնք սեպտեմբերի 28-ին հրապարակել է Handelsblatt թերթը։
Նրա տեղեկությունների համաձայն՝ գերմանացիների միայն 17 տոկոսը կարող է ասել, որ իրենք «գոհ են» կամ «շատ գոհ են» այն քաղաքականությունից, որը վարում է կանցլերը: Ընդ որում հարցման մասնակիցների 21 տոկոսը «դժգոհ» է, իսկ 33 տոկոսը՝ «շատ դժգոհ» է Մերկելի քաղաքականությունից: Երկրի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերի վարկանիշն էլ ավելի ցածր է. հարցման մասնակիցների միայն 15 տոկոսն է գոհ նրա աշխատանքից, 52 տոկոսը չի կիսում այդ կարծիքը:
Հետազոտությունն անցկացվել է սեպտեմբերի 24-ից մինչեւ 26-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 2067 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: