
Մեղրիի Ազատ տնտեսական գոտու համար հայտեր կան Իրանից, Ռուսաստանից. Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, որ փոփոխվել են շահագործողի մուտքի և ելքի կանոնակարգումը, որպեսզի խնդիրներ չառաջանան, և համապատասխանացրել են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքին, մասնավորապես՝ այլ գործունեություն ևս կարող է իրականացվել ազատ տնտեսական գոտում, օրինակ՝ օժանդակ ծառայությունների մատուցում և այլն:
«Ոչ միայն Մեղրին, այլև ամբողջ տարածաշրջանը կարելի է ազատ տնտեսական գոտի հայտարարել»,- նկատեց նախարարը՝ նշելով, որ դինամիկային զուգահեռ՝ այն կընդլայնվի:
Ա.Մինասյանի խոսքով՝ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու համար հայտեր կան Իրանից, Ռուսաստանից, դրանք քննարկման փուլում է. «Մինչև հաջորդ տարվա կեսերը կունենանք 4-5 մասնակիցներ, որ կաշխատեն այդտեղ»:
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հետաքրքրվեց, թե արդյոք Մեղրիի ԱՏԳ-ում թույլատրվելու է նաև ոսկերչությունն ու ադամանդագործություն. «Բայրամի օրերին չափազանց մեծ առևտուր կլինի»:
Ա.Մինասյանը պատասխանեց, որ չկա սահմանափակում, ցանկացած ոլորտի ընկերություն կարող է այնտեղ գործունեություն ծավալել: Նշելով, որ Երևանում հատուկ ոսկերչության և ադամանդագործության ոլորտի ազատ տնտեսական գոտի է գործում՝ նախարարը համաձայնեց, որ իրանական տոնի կապակցությամբ Մեղրիի ԱՏԳ-ում ոսկեղենի առևտուրը կարող է ավելի խթանվել:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը գոհունակություն հայտնեց օրինագծի շուրջ կառավարության ծավալած ակտիվ աշխատանքի համար. «Ազատ տնտեսական գոտու զարգացման նոր շունչ, հանգրվան կարող է հանդիսանալ»: