
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նուրսուլթան Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում և կարևորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ և նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ բիզնես կապերի խորացումը կնպաստի առևտրատնտեսական ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետը կարևորել է նաև համագործակցության զարգացումն ինտեգրացիոն միավորումների` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ-ի շրջանակում: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ինտեգրացիոն միավորումների գործունեության արդյունավետության բարձրացումն ու կոնկրետ խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների իրականացումը, ինչը կօգնի գտնել համապատասխան լուծումներ:
Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ երկու երկրների միջև առևտուրը նախորդ տարվա ընթացքում աճել է շուրջ 60 տոկոսով և համոզմունք հայտնել, որ այդ միտումը կկրի շարունակական բնույթ` կառավարությունների գործունեության արդյունքում: Նրա խոսքով` Ղազախստանը բաց է հայկական բիզնեսի ու ապրանքների համար և նշել, որ կողմերը լավ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու ու զարգացնելու համար: Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ հայ մասնագետները մշտապես իրենց դրսևորել են լավագույն կողմերով ու կարրևորել տարբեր ոլորտներում փորձի փոխանակումը: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի առաջնորդն ասել է, որ դրանք սովորական չեն, և Ղազախստանը կողմ է, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին, ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
https://www.facebook.com/armgovernment/videos/277827666405864/?__xts__[0]=68.ARDvDMiH60cTqkR6Z4k3ByfreXQTM9CaTWjBSkqFjH9P64bZl_CsjHGVWabln7viIGDZkfAcC78hDPwHFN-py_hKOqAz9MKKfM509GYZHDTiKQy11_mpSoOUrv3wk0zpyHYLddlqIJ_wXGS10LKoSN3mpcNUt9r6ntnNpVEM1ioQAM6Xgwga_ZnPDOAQZ4_WuJUTj-jlMyCa7tLuJKEsixDP7fhFaj5dWfzrocm89ci54RsP&__tn__=-R