Ֆրանկոֆոն շատ երկրներ գագաթաժողովի ընթացքում առաջին անգամ կբացահայտեն Հայաստանը. Լաքոտ

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի 84 տարբեր երկրների պատվիրակությունների, որոնցից շատերը առաջին անգամ կբացահայտեն Հայաստանը:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ դեսպան Ջոնաթան Լաքոտը, կարևորելով գագաթաժողովը, նշեց, որ շատ ֆրանկոֆոն երկրներ չունեն դեսպանատներ Հայաստանում, և գագաթաժողովի ընթացքում կազմակերպվելիք Ֆրանկոֆոնիայի ավան միջոցառման շրջանակում Ֆրանսիան և այլ պետություններ կներկայացնեն իրենց երկրները տաղավարների միջոցով:

«Տաղավարների միջոցով ավելի քան 20 երկիր կներկայացնի իր լեզուն, մշակույթը, կրթությունը: Ֆրանսերենը շատ կարևոր լեզու է ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև 84 այլ երկրների համար: Ֆրանսերեն է խոսում աշխարհում մոտ 280 միլիոն մարդ»,-ասաց նա:

Լաքոտի խոսքով՝գագաթաժողովի ընթացքում Հայաստանում կլինեն նաև նախագահ Էմանուել Մակրոնը և այլ բարձրաստիճան հյուրեր, ինչը բավական ինտենսիվ օրակարգ է բերում Հայաստանի համար: «Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը ոչ միայն երկրների ղեկավարությունների միջև հանդիպումներ են, այլ նաև մեծ առիթ է ֆրանսերենի կարևորությունը ևս մեկ անգամ ընդգծելու համար»,-ասաց նա:

Տաղավարների աշխատանքի համար պատասխանատու Պատրիկ Դեւատուրը հավելեց, որ 150 քմ տարածքով Ֆրանսիայի տաղավարում ներկայացված կլինի տեղեկատվություն գործարարության, թվային ոլորտի, արհեստների, լեզվի, մշակույթի մասին: «Տաղավարում մարդիկ հնարավորություն կունենան վիրտուալ իրականության՝ 3D ակնոցի շնորհիվ, այցելել Ֆրանսիայի տուրիստական տարբեր վայրեր: Կլինեն նաև տեսախաղեր, կրթական միջոցառումներ»,-ասաց նա:

Ֆրանկոֆոնիայի ավանը գործելու է հոկտեմբերի 7-12-ն ընկած ժամանակահատվածում՝ Ազատության հրապարակում:

Տեսանյութեր

Լրահոս