Երևանում կբացվի երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը
Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի միջոցառումների շրջանակներում Երեւանում կբացվի «Քարֆուր» ցանցի երկրորդ հիպերմարկետը: Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստանում ֆրանսիական ներդրումները կավելանան: «Ֆրանսիական ներդրողներն իրենց հետ բերում են ոչ միայն ներդրումներ, այլև հմտություն, էթիկա, հասարակական պատասխանատվություն: Հույս ունենք, որ Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական և դիվանագիտական իրողությունների շնորհիվ ներդրումները կավելանան»,- ասաց նա:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում կանցկացվի նաև բիզնես համաժողով, որի շրջանակներում մի շարք ֆրանսիական կազմակերպություններ կգան Հայաստան:
Երկրորդ «Քարֆուր» հիպերմարկետը տեղակայված է լինելու Տիգրան Մեծ փողոցում՝ մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մոտ:
Ֆրանսիական «Քարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութը Երեւանում պաշտոնապես բացվեց 2015թ. մարտի 11-ին՝ «Երեւան Մոլ»-ում։