Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարչական իրավախախտում գործողը կենթարկվի նվազագույն տուգանքի
Հարկային մարմնի քննության ենթական գործերով մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վարչական իրավախախտում կատարողները կենթարկվեն նվազագույն տուգանքի:
Այս մասին սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:
«Հունիս ամսվանից սկսած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով մեկ տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառում է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը` անկախ այն հանգամանքից` անձը ներկայացե՞լ է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրե՞լ է, թե` ոչ»,- ասաց Մնացականյանը:
Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետը տնտեսավարողներին հորդորում է վարչարարության նոր կարգից շեղումներ նկատելու դեպքում այդ մասին շտապ տեղեկացնել իրենց: