
ԱՄՆ-ի արժեթղթերի հանձնաժողովը մտադիր է Իլոն Մասքին հեռացնել Tesla-ի կառավարումից

Արժեթղթերի եւ բորսաների գծով հանձնաժողովը (SEC) դատարան հայց է ներկայացրել Tesla-ի ղեկավար Իլոն Մասքի դեմ՝ պահանջելով նրան հեռացնել հանրային ընկերությունների, այդ թվում՝ նրա կողմից ստեղծված Tesla-ի կառավարումից ներդրողներին խաբելու պատճառով։
SEC-ը, Հանձնաժողովի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Մասքին մեղադրում է այս տարվա օգոստոսին մի քանի թվիթների հրապարակման մեջ, որոնք սուտ տեղեկատվություն էին պարունակում ընկերության բաժնետոմսերի մոտալուտ գնման վերաբերյալ:
Հանձնաժողովը պահանջում է Մասքին արգելել ղեկավարի կամ տնօրենների պաշտոններ զբաղեցնել հանրային ընկերությունում: Հայցը Հանձնաժողովի կողմից դատարան է ներկայացվել այն բանից հետո, երբ Մասքը եւ նրա իրավաբանները հրաժարվել են վեճի արտադատական կարգավորումից, գրում է The Wall Street Journal-ը:
Համաձայնագրի պայմաններն արդեն հավանության էին արժանացել Հանձնաժողովի կողմից, եւ սեպտեմբերի 27-ին պլանավորվում էր մամուլի տեղեկագրի հրապարակումը: Սակայն Tesla-ի իրավաբանները հետ են կանչել համաձայնագրին իրենց համաձայնությունը, եւ Հանձնաժողովը որոշել է հայց ներկայացնել դատարան:
Սեպտեմբերի 27-ի երեկոյան կայացած սակարկություններում ընկերության բաժնետոմսերի արժեքն ընկել է գրեթե 10 տոկոսով: Մասքն ինքը հայցը համարել է չհիմնավորված եւ հայտարարել, որ Հանձնաժողովի գործողությունները «խորապես հիասթափեցրել են» իրեն: Նա ասելէ, որ միշտ էլ գործել է՝ ելնելով «ճշմարտության, թափանցիկության ու ներդրողների լավագույն շահերից», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: