Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ
Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը՝ այդ համատեքստում կարևորելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափում: Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի իրագործման շուրջ։
Հայաստանի և Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն անդրադարձան Երևանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաև մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին: Նախարար Մնացականյանը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես հիմնական ուղղություն առանձնացնելով նորարարությունը և թվային օրակարգը: Այս առումով Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաստատված պտղաբեր երկկողմ համագործակցությունը՝ այդ առնչությամբ ընդգծելով փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ նախաձեռնելու կարևորությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը և պարբերաբար կազմակերպվող մշակութային միջոցառումների կարևորությունը՝ որպես օրինակ բերելով Երևանում և Տալլինում Էստոնիայի և Հայաստանի հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումը: