Չոր և անդեմ հաղորդագրություն Ռուսաստանից

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հանդիպել են Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում: Ինչպես կարգն է, հանդիպման փաստի և դրա բովանդակության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններ են տարածել ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմերը: Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին ուշագրավ է այն տարբերությունը, որը նկատելի է ռազմավարական գործընկեր երկրների ԱԳ նախարարությունների տարածած հաղորդագրություններում:

Ըստ հայկական կողմի՝ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, նախանշել են երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: «ԱԳ նախարարներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ երկուստեք ընդգծելով հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Այնինչ, ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության, քննարկվել են երկկողմանի և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր։ «Հատուկ ուշադրություն է դարձվել ռուս-հայկական փոխգործակցությանը միջազգային համաժողովների շրջանակում»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը և հարաբերությունների լայն օրակարգը` և երկկողմ, և բազմակողմ մակարդակում, հաշվի առնելով, զարմանալի է, որ ռուսական կողմը նման հաղորդագրություն է տարածել` ուշադրությունից դուրս թողնելով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և նախկին պարտավորությունների կատարման ընթացքը, ինչպես հայկական կողմն է ներկայացրել: Սա առավել անհանգստացնող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած այցի և ՀՀ կատարելիք պաշտոնական այցը հետաձգելու ֆոնին:

Տեսանյութեր

Լրահոս