«Եթե նույնիսկ Ադրբեջանի ամբողջ բանակը գա և սահմանին կանգնի, մենք համապատասխան քայլեր ձեռնարկելու ենք». Դավիթ Բաբայան

«Արցախի Հանրապետության նախագահը հետմահու պարգևատրել է այդ երիտասարդին, հրամանագրում գրված է՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար։ Կարծում եմ՝ այստեղ ամեն ինչ նշված է և հարկ չկա նորից դա մեկնաբանել։ Հրամանագրում ամեն ինչ շատ պարզ է և հստակ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դավիթ Բաբայանն ասել էր, որ ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը մահացու վիրավորում է ստացել հակառակորդի գնդակից։ Իսկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

«Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Աղասի Մկրտչյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Կարդացեք նաև

Դավիթ Բաբայանի խոսքով՝ իրավիճակը շփման գծում այս պահին վերահսկելի է, նոր զարգացումներ տեղի չեն ունենում. «Չնայած, որ Ադրբեջանը ոչ բոլոր ստորաբաժանումներն է հետ քաշել զորավարժություններից հետո, բայց սա ընդունված պրակտիկա է, որը միշտ պաշտոնական Բաքուն կիրառում է։ Դա մեզ որևէ ձևով չի վախեցնում կամ ահաբեկում, որովհետև եթե նույնիսկ իրենց ամբողջ բանակը գա և սահմանին կանգնի, մենք համապատասխան քայլեր ձեռնարկելու ենք»։

Ադրբեջանի նման պահվածքը, ըստ նրա՝ էլ ավելի է խոչընդոտում խաղաղ կարգավորմանը, բարդացնում առանց այդ էլ բարդ իրավիճակը։ «Ադրբեջանը նման քայլերի է դիմում, որովհետև ահաբեկչական երկիր է։ Ահաբեկչությունը, հայատյացությունն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Իհարկե, դրանով լուծում են նաև ներքին խնդիրներ, փորձում ժողովրդին ցույց տալ, թե մտածում են իրենց պետության մասին, թե պայքարում են «ագրեսորի» դեմ»։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, Բաբայանն ասաց, որ ցանկացած հանդիպում դրական են գնահատում, դրանք, ըստ նրա՝ պահպանում են խաղաղ բանակցային գործընթացի շարունակականությունը, դրականորեն ազդում կայունության և խաղաղության պահպանման վրա։

Տեսանյութեր

Լրահոս