«Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի մոտ մեծ վստահություն կա, որը ԼՂ գոտում դրական զարգացումների հույս չի ներշնչում». վերլուծաբան
«Էականորեն լարված մթնոլորտում նախարարների նյույորքյան հանդիպումից մեծ սպասելիքներ ունենալը միամտություն կլիներ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով Նյու Յորքում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ու հետագա հնարավոր զարգացումներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ Հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները։
Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ` ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, ներառյալ` առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։ Նշենք, որ նախօրեին անդրադառնալով այս հանդիպման օրակարգին, ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ հայկական կողմն անդրադառնալու է 2016 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո տեղի ունեցած բարձրաստիճան գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:
Նեյլ Մաքֆարլեյնի գնահատմամբ՝ վերջին շրջանում լարվածություն եղել է թե՛ սահմանին, թե՛ հայտարարությունների մակարդակով, որով բացահայտվեց հակառակորդ կողմերի ներկայիս տրամադրվածությունը բանակցային գործընթացի վերաբերյալ: Ըստ նրա, բանակցային գործընթացի վերաբերյալ կողմերի մոտ չկա ընդհանուր պատկերացում, յուրաքանչյուրը փորձում է իրավիճակից քաղել այն, ինչ միշտ փորձել է:
«Այսինքն` դիրքորոշումներում փոփոխություն չկա, սակայն երկու կողմում էլ նկատելի վստահություն կա: Հայաստանի դեպքում դա պայմանավորված է հեղափոխական ճանապարհով իշխանափոխության հանգամանքով և այն ժողովրդավարական ջրբաժանով, որը դնում է ՀՀ վարչապետը Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ադրբեջանի դեպքում դա պայմանավորված է այն զարգացումներով, որոնք դեռ շարունակվում են Հայաստանում, ռուս-ադրբեջանական խորացող հարաբերություններով և այն խնդիրներով, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում: Իհարկե, նման մեծ վստահությունը դրական և խաղաղ զարգացումների հույս չի ներշնչում, սակայն սա անկանխատեսելի հակամարտություն է, և ոչ միշտ են կանխատեսումները համընկնում:
Իրավիճակը բարդ է բոլոր ասպեկտներով` և՛ ռազմական, և՛ դիվանագիտական, և՛ քաղաքական, և՛ արտաքին ազդեցությունների, և՛ բանակցային սկզբունքների ու տարրերի, կողմերի անզիջում դիրքորոշումների առումով: Ենթադրվում է, որ այս հանդիպմանը, որը տևել է 3 ժամ, կողմերը կրկին իրենց դիրքորոշումներն են ներկայացրել հետագա բանակցությունների վերաբերյալ՝ չգալով որևէ կոնկրետ համաձայնության նաև հաջորդ հանդիպման վերաբերյալ: Դա հստակ երևում է այն հաղորդագրություններից և արձագանքներից, որոնք եղան հանդիպումից անմիջապես հետո: Այդ անորոշ տեղեկատվությունն այն մասին, որ հանդիպել են, ցույց է տալիս, որ պարզապես հանդիպել են, ինչ-որ հարցերից են խոսել՝ առանց հետագա որևէ ազդեցության:
Արդեն այս հանդիպումները նույնիսկ չեն ապահովում սահմանին հարաբերական խաղաղ իրավիճակ, քանի որ դրանց ընթացքում լուրջ որոշումներ չեն կայացվում, և շփման գծից, հայ-ադրբեջանական սահմանից ողբերգական լուրեր են հասնում»,- նման տեսակետ հայտնեց Նեյլ Մաքֆարլեյնը: Սակայն, նրա խոսքով, կրկին կա սպասում, որ համանախագահները հանդես կգան որևէ նախաձեռնությամբ:
«Գուցե դա տեղի ունենա հոկտեմբերին սպասվող տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում: Այդ սպասումները գալիս են դեռ այն ժամանակից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանին իր շնորհավորական ուղերձում խոսեց բացառիկ հնարավորության մասին, դա վերահաստատվեց նաև վերջերս ՀՀ Անկախությանն ուղղված նրա շնորհավորանքում:
Չէի համարի սա պարզապես համանախագահող երկրի բարի ցանկություն, քանի որ ամերիկյան կողմն իր հայտարարություններում, հատկապես այնպիսի հակամարտությունների և հարցերի, ինչպիսին ԼՂ-ն է, սովորաբար նման կոնկրետ գաղափարներից չի խոսում՝ բավարարվելով ընդհանրական, չեզոք ձևակերպումներով, վերահաստատելով ամերիկյան հանձնառությունը՝ օգնել կողմերին: Վերջին անդրադարձերի բովանդակությունը նկատելիորեն փոխված է»,- արձանագրեց վերլուծաբանը:
Բրիտանացի քաղաքագետը չմանրամասնեց, թե ինչպիսի նախաձեռնություն կլինի, և համանախագահ որ երկրների հետ համաձայնեցված կլինի այն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանն առանձնահատուկ դերակատարություն ունի այս հակամարտությունում:
«Գուցե համաձայնեցված չէ, այլ ամերիկյան ծրագիր է: Այդպես եմ ասում, որովհետև ոչ միայն ռուս-ամերիկյան հարաբերությունները, այլև աշխարհն ընդհանուր առմամբ բավականին անկայուն փուլում է»,- նշեց նա: