Բրազիլիայի դատարանը 3,4 մլն ընտրողների թույլ չտվեց քվեարկել չհանձնված մատնահետքերի պատճառով
Բրազիլիայի բարձրագույն ընտրական դատարանը որոշում է ընդունել հոկտեմբերին կայանալիք համընդհանուր ընտրություններում գրեթե 3,4 մլն ընտրողների թույլ չտալ քվեարկել նրանց դակտիլոսկոպիկ գրանցման բացակայության պատճառով: Այդ մասին հայտնել է Exame բրազիլական հանդեսը:
Ինը դատավորներից յոթը որոշել են, որ ընտրություններից երկու շաբաթ առաջ հնարավոր չի լինի հավաքել կենսաչափական տվյալները եւ գրանցել դրանք: Դատավոր Լուիս Ռոբերտու Բարոզուի խոսքով՝ Բրազիլիայի բնակչությունը տեղեկացված էր դակտիլոսկոպիկ գրանցման անհրաժեշտության մասին:
Associated Press գործակալությունը նշում է, որ այն ընտրողների գրեթե կեսը, որոնց քվեարկելու իրավունքը դատարանը մերժել է համակարգում նրանց մատնահետքերի բացակայության պատճառով, Բրազիլիայի հյուսիս-արեւելքի՝ ցածր կենսամակարդակ ունեցող տարածաշրջանի բնակիչներն են, որոնք ավանդաբար աջակցում են ձախամետ կուսակցություններին:
2016 թվականից Բրազիլիայում գործում է քվեարկության էլեկտրոնային համակարգ, որը կենսաչափական տվյալներ է պահանջում ընտրողի անձը հաստատելու համար: Բրազիլիայում ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 7-ին: Վերջին հարցումների տվյալներով՝ ընտրարշավում առաջատարը ծայրահեղ աջերի թեկնածու Ժայիր Բոլսոնարուն է, երկրորդ տեղում է թեկնածու Ֆեռնանդու Ադադը, որը մրցարշավում փոխարինում է կոռուպցիայի համար պատիժ կրող նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային: Եթե այս երկու թեկնածուները դուրս գան երկրորդ փուլ, ապա, հարցումների համաձայն, հաղթանակ պետք է տանի Ադադը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: