ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի լրացուցիչ ֆինանսավորման պահանջը կկազմի շուրջ 18.0 մլրդ դրամ
Այսօր ՀՀ կառավարության նիստում հավանություն տրվեց «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ կառավարության գործունեության առանցքային նպատակը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխության արժեքների ամրագրումն է՝ որպես հանրային և ազգային հարաբերությունների հիմք և հեղափոխության գաղափարների իրագործում, որպես մշտական քաղաքական իրողություն:
Ա.Ջանջուղազյանը նշեց, որ հիմք ընդունելով ՀՆԱ-ի 21.64 %-ի չափով կանխատեսված ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտների մակարդակը և ելնելով ՀՆԱ-ի 2.24 %-ի չափով դեֆիցիտի ֆինանսավորման հնարավորություններից, ՀՀ կառավարությունը ծրագրում է 2019 թվականին ապահովել ծախսերը ՀՆԱ-ի 23.89 %-ի կամ 1,614.0 մլրդ դրամի չափով: ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1,462.4 մլրդ դրամ եկամուտներ, որից հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով` 1,396.8 մլրդ դրամ:
2019 թվականին ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի լրացուցիչ ֆինանսավորման պահանջը կկազմի շուրջ 18.0 մլրդ ՀՀ դրամ կամ ՀՆԱ-ի 0.3%-ը:
Նիստը վարող ՀՀ փոխվարչապետ Արարտ Միրզոյանը նշեց, որ նախատեսում են տնտեսական, հարկային փոփոխություններ, պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման աշխատանքներ և այլ փոփոխություններ. «Դրանք դրական ազդեցություն են գործելու 2019թ. բյուջեի վրա»: