«Ես միայն ցանկանում եմ, որ իրանցիները միջուկային զենք չունենան». Թրամփ
Իրանը Միացյալ Նահանգների համար, հնարավոր է, նշանակալիությամբ երկրորդ մարտահրավերն է Չինաստանից հետո: Այս տեսակետը հնչեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում։
«Կարծում եմ՝ ավելի մեծ մարտահրավեր չի եղել, բացառությամբ, հնարավոր է, Չինաստանի»,-ասել է նա՝ խոսելով Իրանի մասին:
Թրամփը նաեւ հերթական անգամ քննադատել է Թեհրանի հետ կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը:
ԱՄՆ-ի նախագահը գտնում է, որ Թեհրանը վաղ թե ուշ կվերադառնա իրանական միջուկային դոսյեի շուրջ բանակցություններին:
«Կարծում եմ, որ Իրանը կվերադառնա ինձ մոտ եւ լավ գործարք կկնքի»,-նշել է նա, հնարավոր համարելով, որ դա կարող է եւ տեղի չունենալ: Ընդսմին, Թրամփի խոսքով, նշանակություն չունի, թե աշխարհի մյուս երկրների ղեկավարներն ինչ են մտածում իրանական համաձայնագրի մասին:
«Ես միայն ցանկանում եմ, որ իրանցիները միջուկային զենք չունենան,-ընդգծել է նախագահը:-Միթե ես այդքան շատ բան եմ խնդրում»: ԱՄՆ-ի ղեկավարը նաեւ հերթական անգամ պնդել է, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանի տնտեսությունը հսկայական դժվարություններ է կրում, քաղաքների փողոցներում տեղի են ունենում բնակչության բողոքի ակցիաներ, իսկ տարբեր ընկերություններ համատարած իրենց բիզնեսը դուրս են բերում Իսլամական Հանրապետությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: