ԱՊՀ-ում մինչև տարեվերջ կանցկացվեն ևս չորս խոշոր վարժանքներ
ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Լապինը ազդարարել է մինչեւ 2018 թվականի վերջը ԱՊՀ-ի տարածքում չորս խոշոր զորավարժությունների անցկացումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Առջեւում դեռ մի շարք խոշոր եւ լուրջ միջոցառումներ կան: Դրանք են՝ «Որոնում-2018»-ը՝ Ղազախստանում, «Սահման-2018»-ը՝ Տաջիկստանում, «Օդային կամուրջը» եւ «Անխախտ եղբայրությունը»՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-ասել է Լապինը՝ ելույթ ունենալով «Իսիկ-Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունների փակմանը:
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 26-ին ավարտված վարժանքները հերթական փուլն են դարձել ԱՊՀ-ի երկրների համատեղ մարտական պատրաստության միջոցառումների համալիրում:
ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատկան մարմինների «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական վարժանքները ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո անցկացվել են 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրին համապատասխան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: