Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ է մնացել կարիճի յոթ խայթոցից հետո
Բրազիլիայում նորածին աղջիկը ողջ է մնացել մահացու վտանգավոր կարիճի յոթ խայթոցից հետո: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւելքի Բայիյա նահանգում: Մայրն աղջկան լողացնելուց հետո տակաշոր է հագցրել, չնկատելով, որ դրա մեջ կարիճ է թափանցել:
Երեխան սկսել է շնչահեղձ լինել, եւ կինն անհապաղ նրան հիվանդանոց է տարել: Զննելիս բժիշկները հայտնաբերել են կարիճին, որը մանկիկին յոթ անգամ խայթել էր պորտի շրջանում: Երեխային անհապաղ վեց չափաբաժին հակաթույն են ներարկել, սակայն ողջ մնալու շանսերը չափազանց փոքր էին:
Այնուամենայնիվ, մի քանի օր վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո փոքրիկը լիովին ապաքինվել է: Բժիշկների խոսքով՝ երեխային հաջողվել է փրկել միայն այն բանի շնորհիվ, որ հակաթույնը ներարկել են խայթելուց հետո երկու ժամվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: