Բաժիններ՝

ՀՔԾ-ն դեռ չի վերադարձրել Հայկ Այվազյանի առգրավված համակարգիչներն ու կրիչները

Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն էր կատարվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության նախաձեռնության» գրասենյակում և նախաձեռնության ղեկավարներից Հայկ Այվազյանի բնակարանում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության գաղտնալսման հետ կապված հարուցված քրեական գործի շրջանակներում:

Խուզարկության արդյունքում ագրավվել են նախաձեռնության և Հայկ Այվազյանին պատկանող համակարգիչները, կրիչները և բջջային հեռախոսները։

168.am-ի հետ զրույցում Հ. Այվազյանը տեղեկացրեց, որ իրեն դեռ չեն վերադարձրել իր համակարգիչը, բջջային հեռախոսը և կրիչները.

«Համակարգիչներն ու կրիչները տարել են ամբողջական նյութերով։ Սակայն այստեղ ինձ համար զարմանալին այն է, որ երբ խուզարկություն են կատարել իմ հայրական տանը, այլ իրերից բացի, փնտրել են զենք և զինամթերք, ի՞նչ առնչություն ունեմ զենքերի հետ, չեմ հասկանում, կամ դրանք այս գործի հետ ի՞նչ կապ ունեն»,- ասաց Հ. Այվազյանը։
Անդրադառնալով օրերս ստեղծված «Քաղաքացիական հարթակ» երիտասարդական, հասարակական նախաձեռնությանը, Հայկ Այվազյանը կարևորեց այն և հույս հայտնեց, որ գուցե նման նախաձեռնությունների շնորհիվ կարողանան երկրում փոխել այն իրավիճակը, որը տիրում է իշխանափոխությունից հետո։

Ըստ նրա, խոսքի ազատության սահմանափակումը և այլասերվածության քարոզը պատերազմ է՝ ուղղված Հայաստանի դեմ, որից պետք է հաղթանակով դուրս գան։

«Ճշմարտությունը մեր կողմն է, և ժողովրդի մեծ մասը մեծ արժեքների կրողն է, ուստի, եթե միասնական լինենք, ապա այս ամենից շուտ դուրս կգանք։ Այս առումով տարբերություն չենք դնելու՝ իշխանության ներկայացուցի՞չ է, թե՞ ընդդիմադիր, եթե տվյալ մարդը պայքարելու է հանուն մեր պետականության ամրապնդման, ապա նրա քայլը միայն կողջունենք»,- ընդգծեց Հայկ Այվազյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս