Առողջապահության նախարարությունը լրացուցիչ մանրամասներ է ներկայացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պայթյունի վերաբերյալ
Հայաստանի առողջապահությունը լրացուցիչ տեղեկություններ է ներկայացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում այսօր տեղի ունեցած պայթյունի առնչությամբ լրացուցիչ տեղեկացնում ենք հետեւյալը. Պայթյունի հետեւանքով տուժած Թ.Ա.-ն անցել է անհրաժեշտ հետազոտություններ: Ունի ձախ թեւի թեթեւ վնասվածքներ: Ստանում է անհրաժեշտ բուժօգնություն:
Ինչ վերաբերում է հիվանդանոցի թթվածնի արտադրության կայանի անվտանգությանը, ապա տեղեկացնենք, որ այն ամենամյա պարտադիր փորձաքննությունն անցել է այս հունիսին եւ ունի 1 տարվա աշխատանքի դրական եզրակացություն: Կայանում արտադրության եւ աշխատակիցների անվտանգությանն առնչվող որեւէ խնդիր չի եղել ու չկա. այն այս պահին էլ շարունակում է իր անխափան աշխատանքն ու հիվանդանոցին թթվածնի մատակարարումը:
Թթվածնի բալոնի պայթյունի պատճառը եղել է բացառապես լիցքավորվող բալոնի անհամապատասխանությունը կայանում լիցքավորման տեխնիկական պահանջ-պայմաններին: Բալոնը չի պատկանել բուժհաստատությանը, իսկ տվյալ բալոնի` կայանում հայտնվելու հանգամանքն ու պայթյունի պատճառները եւ հանգամանքները ճշտվում են ոստիկանության կողմից:
ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի թթվածնի արտադրության կայանում թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով մահացել է նույն արտադրամասի տեխնիկ-օպերատորը»,- ասված է հաղորդագրության մեջ: