Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը Յուլյա Տիմոշենկոն է
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն եւ ուկրաինացի շոումեն Վլադիմիր Զելենսկին նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարներն են: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի՝ սեպտեմբերի 25-ին հրապարակված տվյալները:
Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները կկայանան 2019 թվականի գարնանը: «Նախագահական վարկանիշում էլեկտորալ համակրանքների առաջատարը Յուլյա Տիմոշենկոն է, որի օգտին պատրաստ է իր ձայնը տալ բոլոր հարցվածների 13,2 տոկոսը: Զելենսկու օգտին պատրաստ է քվեարկել 7,8 տոկոսը»,-ասված է հետազոտության մեջ:
Հրապարակված տվյալների համաձայն, ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյի օգտին պատրաստ է իր ձայնը տալ 6,8 տոկոսը, պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյի օգտին՝ 6,6 տոկոսը, «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոյի օգտին՝ 5,7 տոկոսը, «Հանուն կյանքի» կուսակցության առաջնորդ Վադիմ Ռաբինովիչի օգտին՝ 5,4 տոկոսը, «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոյի օգտին՝ 5,2 տոկոսը: Հարցումն անցկացվել է 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչեւ 18-ը:
Ընդամենը հարցմանը մասնակցել է ավելի քան 2,5 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: