Բաժիններ՝

Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան նշում է 80-ամյա հոբելյանը

Ռուս դերասանուհի Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան սեպտեմբերի 25-ին նշում է 80-ամյա հոբելյանը: Այդ կապակցությամբ դերասանուհուն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով նրա տաղանդը, վարպետությունն ու նվիրածությունը մասնագիտությանը:

Շնորհավորական հեռագրի տեքստը սեպտեմբերի 25-ին հրապարակվել է Կրեմլի կայքում: Պետության ղեկավարն առողջություն, ներշնչանք եւ հաջողություններ է մաղթել արտիստուհուն: Լիդիա Նիկոլաեւնա Ֆեդոսեեւան ծնվել է 1938 թվականի սեպտեմբերի 25-ին Լենինգրադում:

1964 թվականին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ներկայում՝ Ս.Ա.Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտ): Կինոյում դեբյուտել է՝ էպիզոդիկ դեր կատարելով Վլադիմիր Վենգերովի «Երկու կապիտան» ֆիլմում (1955 թ.): Նրան հաջողություն բերեց ուսանողուհի Տանյայի դերը Վասիլի Օրդինսկու «Հասակակիցները» մելոդրամայում (1959 թ.):

Նրա մյուս կինոաշխատանքների թվում են՝ մադամ Գրիցացուեւան՝ «12 աթոռ» կատակերգությունում, Վերա Վասիլեւնա Լավոչկինան՝ «Դուք երազում էլ չեք տեսել…» դրամայում, Ամալյա ֆոն Շպիլցեն՝ «Պետերբուգյան գաղտնիքներ» սերիալում եւ ուրիշներ: Ընդհանուր առմամբ դերասանուհին նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմերում ու սերիալներում:

1967 թվականին նա ամուսնացել է դերասան եւ գրող Վասիլի Շուկշինի հետ: Նկարահանվել է նրա մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Տարօրինակ մարդիկ» եւ «Կարմիր բռինչ» դրամաներում: 1974 թվականից՝ Վասիլի Շուկշինի մահվանից հետո, կրում է Ֆեդոսեեւա-Շուկշինա ազգանունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս