«Եթե նույնիսկ նոր իշխանությունները մեզ հալածեն, սա չի խանգարելու, մենք շարունակելու ենք գործել». «Քաղաքացիական հարթակ» նոր նախաձեռնությունը պատրաստ է բարձրաձայնել խնդիրների մասին

Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո խոսքի ազատության սահմանափակման, այլասերվածության քարոզի, ներքին և արտաքին մարտահրավերների դիմակայելու հետ կապված մի շարք խնդիրներ բարձրաձայնելու համար ստեղծվել է «Քաղաքացիական հարթակ» երիտասարդական հասարակական նախաձեռնություն, որն իր առջև խնդիր է դրել մշտապես խոսել այս խնդիրների մասին և հոսալ, որ դրանք կգտնեն իրենց լուծումը:

«Քաղաքացիական հարթակ» նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հասարակական նախաձեռնությանը՝ փաստեց, որ այն ստեղծվել է օրեր առաջ՝ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ. «Հայաստանում ստեղծված այս իրավիճակը մեզ շատ էր մտահոգում, օրինակ, հասարակության բևեռացումը, արտաքին քաղաքականությունում ստաբիլությունը, տնտեսական ոլորտում չենք նկատում որևէ առաջընթաց, աղանդավորների կողմից աղանդի քարոզումը, այլասերվածության տարածումը մեզ խորը մտահոգությունների առիթ է տվել, որոնք վերացնելու համար մեր իշխանությունները մատնված են անգործության: Այս բոլորի մտահոգությունների հետ կապված մենք տարածել էինք հայտարարություն, և մեր նախաձեռնությանը միացել են բազում երիտասարդներ»,- նշեց Աղվան Պողոսյանը և ընդգծեց, որ բարձրաձայնած խնդիրների լուծման համար գոյություն ունի տարբեր գործիքակազմ, այդ պատճառով էլ պատրաստ են ամեն քայլի, ընդհուպ՝ բողոքի ակցիաների:

«Պետք է ամեն ինչ վերլուծել, հասկանալ, թե ինչ է կատարվում: Հայաստանում այս երեք -չորս ամիսների ընթացքում տիրում է վատ մթնոլորտ, իշխանության հանդեպ ով որևէ քննադատություն է հնչեցնում, ենթարկվում է հարձակողական տարբեր բնույթի գործողությունների: Եթե նույնիսկ նոր իշխանությունները մեզ հալածեն, սա չի խանգարելու, մենք շարունակելու ենք գործել»,- ասաց Ա. Պողոսյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նախաձեռնությունը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում տիրում է այս իրավիճակը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս