Քաղաքական գործիչների կանայք չպետք է խորհուրդներ տան իրենց տղամարդկանց. Աննա Հակոբյանի հարցազրույցը «Мир 24» հեռուստատեսությանը
Սանկտ-Պետերբուրգում ավարտվել է Կանանց եվրասիական ֆորումը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Ֆորումի աշխատանքների, գեղեցիկ սեռին հուզող հարցերի, երեխաների դաստիարակության առանձնահատկությունների և այլ թեմաների շուրջ Աննա Հակոբյանը հարցազրույց է տվել «Мир 24» հեռուստատեսության ,Բառացիորենե ծրագրի շրջանակում:
– Մենք այսօր հանդիպել ենք Կանանց եվրասիական ֆորումի շրջանակում: Ի՞նչ հարցեր են այսօր հուզում կանանց, և, ընդհանրապես, ինչի՞ մասին են նրանք խոսում, երբ հանդիպում են:
-Այս ֆորումն իրականում հարցերի մեծ շրջանակ է ընդգրկում, որոնք կարևոր նշանակություն ունեն ոչ միայն կանանց, այլև, ընդհանրապես, ամբողջ աշխարհի համար, քանի որ այդ հարցերը վերաբերում են և՛ տղամարդկանց, և՛ ծերերին, և՛ հատկապես երեխաներին: Սա ոչ միայն կանանց ֆորում է: Այն գլոբալ օրակարգ ունի:
Այն բոլոր հարցերը, որոնք քննարկվում են ֆորումի շրջանակում՝ սկսած աշխարհում գլոբալ անվտանգությունից, պատերազմական կոնֆլիկտների հանգուցալուծումից մինչև աղքատության հաղթահարման, գենդերային հավասարության հարցեր: Բոլոր այս խնդիրները առաջնային պլան են մղված այսօր և անհանգստացնում են հասարակությանը: Ֆորումն իրականում լավ հնարավորություն է տալիս բոլոր այս հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար:
– Ի՞նչ խնդիրների են բախվում հայ կանայք և որքանո՞վ են մեծ գենդերային խնդիրներն աշխատանքի տեղավորման ոլորտում:
-Հայաստանում, ինչպես շատ հետխորհրդային երկրներում, կան այս խնդիրները: Հայ կանայք բախվում են և՛ աշխատանքի տեղավորման, և՛ բռնության հետ կապված շատ խնդիրների, բայց հասարակական կազմակերպությունները վերջին տարիներին սկսել են ակտիվորեն զբաղվել այս խնդիրներով, և այս առումով զգալի փոփոխություններն արդեն իսկ ակնհայտ են:
– Մայիսի-8 ին ձեր ամուսնուն՝ Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայաստանի վարչապե: Այդ օրվանից ինչպե՞ս է փոխվել ձեր կյանքը:
-Մեծ հաշվով մեծ փոփոխություններ չեն եղել, մեր կյանքը փոխվել է ավելի շատ տեխնիկական առումով: Ես ի նկատի ունեմ այն մեծ պատասխանատվությունը, որ իմ ամուսինը իր ընտրվելու օրվանից սկսած դրել է ոչ միայն իր ուսերին, հետևաբար նաև իմ և ընտանիքի ուսերին:
-Ձեզ դո՞ւր է գալիս այս նոր կարգավիճակը:
-Իմ կարծիքով, այստեղ դուր գալու կամ դուր չգալու հարց չկա: Ես դիտարկում եմ դա որպես պատասխանատվություն և կարծում եմ, որ սա իմ պարտքն է, որը ես անպայման պետք է ի կատար ածեմ իմ հայրենիքի, ժողովրդի հանդեպ:
– Հայաստանի օրենքներով ո՞վ է համարվում առաջին տիկին, դո՞ւք ՝ վարչապետի կին, նախագահի կի՞նը, թե դուք երկուսով:
-Շատ զարմանալի է, որ այս հարցը ինձ ոչ միայն տալիս են հայ լրագրողները, այլև օտարերկրյա: Իմ կարծիքով, այնքան էլ կարևոր չէ, թե ով է համարվում, կամ ում են համարում առաջին տիկին: Կարևոր է, որ ամեն մեկը լինի իր տեղում և հնարավորության սահմաններում օգտակար լինի երկրին և ժողովրդին:
– Դուք միշտ լրագրողների ուշադրության կենտրոնում եք: Բոլորն ուշադրություն են դարձնում՝ ինչպե՞ս եք դուք հագնվում, ձեր վարքին հասարակական վայրերում: Ստիպված եք եղել ինչ -որ բան փոխե՞լ ձեր ապրելակերպում :
-Այո, իսկապես նման անհրաժեշտություն կա: Իմ կոչումը թույլ է տալիս ինձ այս պահին մեծ ուշադրություն դարձնել արտաքինիս, և ես ամեն ինչ անում եմ համապատասխանելու այս կարգավիճակին:
-Ասում են՝ տղամարդն ընտանիքի գլուխն է, իսկ կինը պարանոցը: Խորհուրդներ տալի՞ս եք ձեր ամուսնուն , և արդյոք ձեզ հետ խորհրդակցո՞ւմ է վարչապետը:
-Դա նույնպես այն հարցերից է, որ ինձ շատ հաճախ են տալիս Հայաստանում, քանի որ, իմ խորին համոզմամբ , քաղաքական գործիչների կանայք պետք է խորհուրդներ չտան իրենց տղամարդկանց: Ես ուղղակի ուզում եմ հասկանալ, որտեղի՞ց են այն կարծրատիպերը, որ քաղաքական գործիչների կանայք մասնակցում են իրենց տղամարդկանց գործունեությանը: Ենթադրում եմ, որ պատմության մեջ եղել են նման օրինակներ, բայց, իմ կարծիքով, դա ավելի շատ նման է այն իրավիճակին, երբ ամուսինը զբաղվում է քվանտային ֆիզիկայով, նա գիտնական է, և երբեք խորհուրդ չի հարցնի կնոջից: Իմ խորին համոզմամբ, քաղաքական գործիչ լինելը շատ լուրջ մասնագիտություն է, և խորհուրդ տալու համար պետք է ունենալ մեծ փորձ:
-Ձեր կարգավիճակի փոփոխությունից հետո մտածե՞լ եք լրագրությունից հեռանալու մասին:
-Այո մտածել եմ, բայց Հայաստանում լրագրության ներկա իրավիճակը ստիպում է ինձ մնալ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնում:
-Ձեզ՝ որպես լրագրողի համար կա՞ նախընտրած թեմա, ո՞րն է այն, ինչի՞ մասին է և ինչո՞ւ եք հենց այդ թեման ընտրել:
-Այո ճիշտ է, որ կան այնպիսի թեմաներ, որոնք լուսաբանել եմ: Դա, իհարկե, քաղաքականությունն է: Ես ընտրել եմ լրագրությունը, ոչ միայն նրա համար, որ սիրում եմ քաղաքականությունը, այլ որովհետև ժամանակին շատ եմ սիրել գրել:
– Դուք երեք դուստր և մեկ որդի ունեք: Ինչպե՞ս եք հասցնում զբաղվել ընտանիքով: Օգնո՞ւմ է ձեզ ինչ -որ մեկը երեխաների դաստիարակության հարցում:
-Ես իմ հարցազրույցներում սիրում եմ նաև ասել, որ գլխավոր խմբագրի աշխատանքն այնքան բարդ և ժամանակատար է, որ դրանից հետո որևէ այլ զբաղմունք ինձանից այդքան էներգիա չի խլում: Այն ժամանակ, երբ աշխատում էի որպես թղթակից, ապա նաև՝ խմբագիր, ես երեխաներ էի ունենում, և այդ ընթացքում ինձ շատ օգնում էր մայրս: Իսկ հիմա, քանի որ երեխաներս արդեն մեծ են, նրանք կարող են ինձ օգնել մի շարք հարցերում: Հուսով եմ, ստացվում է:
– Ձեր կարծիքով, ո՞րն է ճիշտ դաստիարակության համար խստապահանջ լինելը, կարգապահությո՞ւնը, թե ուղղակի երեխաներին ազատ թողնելը, որ զբաղվեն այն ամենով, ինչով ցանկանում են:
-Ամբողջական ազատություն, իհարկե, չկա, բայց իմ մոտեցումը դաստիարակության մեջ հետևյալն է. պետք է շատ խոսել երեխաների հետ ծագած տարբեր հարցերի շուրջ,տալ պատասխաններ այդ հարցերին և լուծել բոլոր խնդիրները: Իմ կարծիքով, շատ ճիշտ է երեխաներին որոշումներ կայացնելու հնարավորություն տալը, որպեսզի իրենք լինեն պատասխանատու իրենց քայլերի և որոշումների համար:
– Տղաներին և աղջիկներին պե՞տք է տարբեր կերպ դաստիարակել:
-Բնականաբար, բնությունից այդպես է, որ կանայք և տղամարդիկ տարբեր են իրենց բնույթով և պահանջում են դաստիարակության տարբեր մոտեցումներ:Ես կարծում եմ, որ տարբեր սեռերի երեխաների դաստիարակության հարցը նույն հարթության վրա պետք չէ դնել:
– Դուք ստեղծել եք «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը՝ մի հարթակ, որտեղ կարելի է լուծել հարցեր, որոնց պետությունը այս կամ այն պատճառներով դեռևս չի կարողացել ուշադրություն դարձնել: Ի՞նչ քայլեր են արդեն արվել, և ի՞նչ ծրագրեր կան ապագայի համար:
-Ես հուլիսին հայտարարել էի հիմնադրամի տնօրենի ընտրության մասին, և մենք շատ դժվարությամբ որոշում կայացրեցինք: Հիմնադրամի աշխատանքները կսկսենք հոկտեմբերից, հիմա կան մասշտաբային ծրագրեր, որոնց մասին ես, հավանաբար, շուտով կխոսեմ: Մեր աշխատանքները բաժանված են չորս ոլորտների՝ դա կրթությունն է, առողջապահությունը, սոցիալական ոլորտն ու մշակույթը: Մոտ ժամանակներս մենք պատրաստվում ենք սկսել մեծ ծրագիր և ուզում ենք, որ Հայաստանի մանկատներում չլինեն առանց խնամքի մնացած երեխաներ: Դա հավակնոտ ծրագիր է, բայց մենք անելու ենք ամեն բան հաջողելու մեր աշխատանքներում: