
«Դատելով ԱՊԼ-ի մեկնարկից՝ քառյակում չեն հայտնվի «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»». Ջեյմի Կարագեր

«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերը, ով տվյալ պահին հանդես է գալիս՝ որպես փորձագետ բրիտանական հեռուստատեսությունում, կիսվել է իր կանխատեսումներով, թե ովքեր կզբաղեցնեն Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին չորս հորիզոնականները:
«Ելնելով նրանից, ինչ մենք տեսանք առաջին տուրերում, ես կասեի, որ քառյակում չեն հայտնվի «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Մյուսներն ավելի լավ տեսք ունեն: «Տոտենհեմը» մի փոքր անկում էր ապրում, բայց երեկ նրանք հրաշալի հաղթանակ տարան: Ինչպես միշտ, առաջին վեցնյակում ամեն ինչ շատ բարդ է լինելու:
Քանի դեռ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ են տանում, «Տոտենհեմի», «Արսենալի», «Չելսիի» և «Յունայթեդի» համար ավելի թույլ ակումբների հետ խաղերում միավորներ կորցնելը կարող է ճակատագրական լինել: Նախորդ մրցաշրջանում «Սիթին» ցույց տվեց, որ հաղթելու համար պետք է առավելագույն միավորներ հավաքել:
Երբ ես էի խաղում, չեմպիոնության համար բավարար էր 80 միավորը, բայց հիմա ակտիվում պետք է ունենալ ավելի քան 90 միավոր»,- Կարագերին է մեջբերում Goal.com-ը՝ հղելով Sky Sports-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը