
«ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ է պահանջում». Գուտերիշ

ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ է պահանջում: Այդ մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով «Մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում կայուն զարգացման բնագավառի օրակարգի ֆինանսավորումը» նիստում:
«Այսօր մեր ջանքերը պետք է ենթադրեն ավելին, քան պարզապես ռեսուրսների մոբիլիզացումը: Դրանք պետք է ապահովեն «2030-ի Օրակարգի» հավակնոտ նպատակների իրագործումը մարդկանց ու մոլորակի համար»,-ասել է գլխավոր քարտուղարը: Նա խոստովանել է, որ դա դյուրին խնդիր չէ: «2030-ի Օրակարգի իրագործման ծախսերը հսկայական են: Ընդհանուր առմամբ տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ են անհրաժեշտ այդ նպատակների իրականացման համար»,-հայտնել է Գուտերիշը:
Մինչեւ 2030 թվականն ընկած ժամանակաշրջանում կայուն զարգացման բնագավառի՝ 2015 թվականի սեպտեմբերին հաստատված օրակարգը պաշտոնապես ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին: Առաջիկա 15 տարում երկրների առջեւ դրված է 17 նպատակ, այդ թվում՝ աղքատության ու սովի վերացումը, առողջ ապրելակերպի խրախուսումը եւ որակյալ կրթության ապահովումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: