Ռոուհանին չի բացառել, որ Իրանը կփակի Որմիզդի նեղուցը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել, որ Իրանը կփակի Որմիզդի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն իր երկրի նկատմամբ: Այդ մասին նա հայտարարել է NBC ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է սեպտեմբերի 24-ին:
Ինչպես նշում է հեռուստաալիքը, պատասխանելով հարցազրույցը վարողի այն հարցին, թե Իրանը կիրագործի արդյոք նավթի փոխադրումների համար Որմիզդի նեղուցը փակելու իր սպառնալիքները, Ռոուհանին չի բացառել դրա հնարավորությունը:
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում են ուժ կիրառել, որպեսզի պատժամիջոցների օգնությամբ սահմանափակեն Իրանի նավթի արդյունաբերությունը, ապա դա, անկասկած, առաջ կբերի իրանական կողմի համապատասխան հակազդեցությունը»,- նշել է նա:
Նախագահին հարց է տրվել, թե արդյոք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դա պետքէ ընդունի որպես նախազգուշացում:
«Դա նախազգուշացում չէ, այլ իրողություն,- ասել է Ռոուհանին:- Եթե Պարսից ծոցում նավագնացությանը վիճակված է մնալ բաց ու անվտանգ, ապա այն ադյպիսին պետք է մնա բոլորի համար»: Իրանի զինված ուժերը սեպտեմբերի 22-ին զորավարժություններ են սկսել Որմիզդի նեղուցի շրջանում, որով անցնում է Պարսից ծոցի երկրների նավթային փոխադրումների մեծ մասը: Զորավարժությունները պետք է ավարտվեն սեպտեմբերի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: