
«Հնգյակը» վերահաստատեց հանձնառությունը Իրանի հետ կնքված համաձայնագրի կատարմանը

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը՝ 2015 թվականի համաձայնագրին համապատասխան:
Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած նախարարական հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարության մեջ: Բացի այդ, փաստաթղթում, որը նիստի ավարտին ընթերցել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ընդգծվում է, որ իրանական կողմն ամբողջությամբ կատարում է ԳՀՀԾ-ով ստանձնած պարտավորությունները: Հայտարարության մեջ նշվում է, որ նիստի մասնակիցները հաստատեցին Իրանի հետ գործարար կապերի հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոնք վերաբերում են նաեւ Իրանի կողմից նավթի ու գազի արտահանմանը:
ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության պայմաններում նիստի մասնակիցներն անհրաժեշտ են համարել ապահովել Իրանի հետ գործարար կապեր իրականացնող ընկերությունների պաշտպանությունը: Այդ պայմաններում, ինչպես հայտարարել է Մոգերինին, անհրաժեշտ է ստեղծել Թեհրանի հետ ֆինանսական հաշվարկների մեխանիզմ:
Նրա խոսքով՝ եվրոպական երկրներն արդեն ստեղծել են նման մեխանիզմ, եւ հուսով են, որ մյուս պետությունները կմիանան նրան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ: «Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին:
Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: