Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի որդին դատական հայց ներկայացրել Արթուր Վանեցյանի ու Արա Պապյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ նրանից, որ Սեդրակ Քոչարյանի կողմից չեն ցանկանում այս պահին մանրամասնել հայցերի բովանդակությունը, թերթը պարզել է, թե Վանեցյանի և Պապյանի կոնկրետ որ արտահայտություն­ները կամ հայտարարություններն են դատական հայցի առիթ տվել:

«ԱԱԾ տնօրենի դեպքում խոսքը, ըստ նախնական տեղեկությունների, նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլի­սում հնչեցված այն միտքն էր, թե «Ռոբերտ Քոչարյանը 6 միլիոն դո­լար կաշառք պահանջելով՝ դարձել է «Կոնգրես» հյուրանոցի բաժնետեր»: Իսկ Արա Պապյանի դեպքում դա­տական հայցի առիթ է հանդիսացել օգոստոսի 17-ին «Lragir.am» կայքին տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը. Պապյանը, խոսելով Ռոբերտ Քոչարյանի վարած սխալ տնտեսական քաղաքականու­թյան մասին, ասում է. «Միգուցե, եթե այդ քաղաքականությունը ճիշտ լիներ, Հայաստանի տնտեսությունը ոչ թե 8 անգամ, այլ 18-20 անգամ զարգանար:

Ես՝ ինքս, բավականին շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ՝ Մոսկվայից եկած ներդրող­ներին, ուղղակի ֆիզիկապես ծե­ծելով՝ ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի՝ անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»:

Այս դատական հայցերը Սեդրակ Քոչարյանը ներկայացրել է սեպտեմբերի 23-ին: Ուշագրավ է, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն իր դեմ դատական հայցից երեք օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, «Հրա­պարակին» տված հարցազրույցում, որը լույս է տեսել սեպտեմբերի 21-ի համարում, հատուկ անդրադարձել էր թեմային.

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել, մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշում եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կա­շառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խո­սելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում են կատարված»:

Ընդ որում, նա այս ճշտումն արեց՝ անկախ մեր հարցից, ուղղակի այդ պահին հիշեց և որոշեց առիթն օգտագործել ու ճշգրտել իր խոսքերը: Թերևս նա արդեն տեղյակ էր, որ իր դեմ նման դատական հայց է նախապատրաստ­վում կամ «սիրտն էր վկայում»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս