«Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տվել, որ գործ անողները խոսք անողներից մի քայլ առաջ են». Աշոտ Խուրշուդյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի քիչ էլ հեռանկարային ու լուրջ

Միշտ համարել եմ, որ Հայաստանի նորագույն պատմությունը ցույց է տվել, որ գործ անողները խոսք անողներից մի քայլ առաջ են։ Այդպես էր հայդուկական շարժումը, այդպես էր ղարաբաղյան շարժումը։

Երբ գործ անողները որոշում էին վերածվել խոսք ասողների կամ, այլ կերպ ասած, պոլիտիկայի, ապա ստացվում էր մի պատկեր, որ հայ քաղաքական միտքը պատսպարվում էր միջազգային հոսանքների ներքո ու նոր բան ասող չէր։ Այդպես էր ՀՅԴ-ն, որ սոցինտեռնի մաս էր, այդպես էին հայ բոլշևիկները, ու այդպես էին հայ լիբերալները (90-ականների ՀՀՇ-ն) այդպես էին նաև պահպանողականները (ՀՀԿ)։ Ես շատ եմ շրջագայում և՛ ֆիզիկապես, և՛ պատմական ընթերցանությամբ։ Ասեմ, որ եթե մեզ թվում է, թե ուրույն քաղաքականություն ունենք, ապա չարաչար սխալվում եք. նման քաղաքական տեքստեր լսել եմ Ղազախստանում, Վրաստանում, Ռուսասատանում, Ուկրաինայում ու նույնիսկ Սերբիայում ու Ալբանիայում։ Պատճառը բացատրեմ ավելի ընդգրկուն փաստարկումով` Հաննա Արենդի տոտալիտարիզմի բացատրությամբ։ Արենդը հստակ ցուցադրեց, որ տոտալիտարիզմի ակունքը իմպերիալիզմի դեմ պայքարն էր։ Այսինքն, հաջորդը ոչ թե բացարձակ արժեք է, այլ նախորդին ընդդիմանալու հետևանք է՝ ռեակցիոն է։ Ու դրա համար էլ դրանք իրար այդքան նման են։

Ու այս պատճառով է, որ հոգու խորքում սիրում ենք Նժդեհի ուսմունքը (որը նույնպես ուրույն չի, բայց այդ պատրանքը ստեղծում է) կամ էլ Շանթ Հարությունյանի քաղաքական տեքստերը։ Ու, որպեսզի քաղաքական ուժը չմեղադրվի այս կամ այն հոսանքները հարելուն, հաճախ գործչի շուրթերից լսում ենք «հայակենտրոն» կամ «հայաստանակենտրոն» մոտեցումների մասին, թեպետ երբեք չի բացատրվում դրա էությունը։

Այսօր, մենք նույն երկընտրանքի առաջ ենք կանգնած։ Ու այս երկընտրանքում կա ռիսկ, որ գալիս է միջազգային երրորդ հոսանքը, որը նույնպես ես լսել եմ տասնյակ երկրներում։ Այս հոսանքը հակադրվում է քաղաքական մենաշնորհին, գերակա է համարում մարդու իրավունքները, մինչև հիմա պայքարում է սովետի դեմ … կարճ ասեմ, սա հասարակական կազմակերպությունների կողմից հնչող քաղաքական հայտարարություններն են, որոնք հնչում են հազարումի կոնֆերանսներում։ Ու այստեղ կրկին չկա ուրույնն ու հայկականը։

Ասեմ, որ ես չեմ ասում, թե նրանք լավ կամ վատ բաներ են ասում։ Ավելին, պնդում եմ, որ ամբողջությամբ լավ բաներ են ասում, բայց այդտեղ ոչ մի նորույթ չկա։ Կարող եք ղազախ, ռուս, վրացի ակտիվիստին բերել ու մտցնել հայկական քաղաքական դաշտ, կասի նույն բաները՝ առանց ծանոթանալու տեղական խնդիրներին։

Լավ, իսկ ո՞րն է մերը, կհարցնեք։ Իմ նշած քաղաքական նկրտում ունեցողներն էլ կխորշեն` ենթադրելով, թե հիմա կասեմ «չարաբաստիկ ազգայնական» բառը։ Չէ, դա չեմ ասի։ Կասեմ այն, ինչին քաղաքական էվոլյուցիայով հասել են զարգացած երկրները։ Ինչից սկսվեց ԽՍՀՄ փլուզումը, ու անմիջապես էլ մոռացվեց։ Ինչը այսօր չի քարոզվում բազմաթիվ իրավապաշտպան ու ժողովրդավար ուժերի կողմից։ Նրանք այդ բառը չեն սիրում ու չեն հարգում, թեպետ ռիսկ չեն անում դա բարձրաձայնել, թեպետ ամեն ինչով դրա դեմ են աշխատում։ (Հա, այս խոսքերս քիչմը բարկացած եմ գրում ու ծայրահեղացնում եմ)։ Խոսքը բազմակարծության, պլյուրալիզմի մասին է։ Խոսքը շահերի ու արժեքների բախմամբ մասնակցային որոշումների կայացման մասին է։ Ազնվորեն էլ ասեմ, որ ինքս բազմաթիվ նման գրանտներ եմ գրել ու փորձել եմ դոնորներին ներքաշել նման հեռանկարի զարգացմամաբ։ Պնդում եմ, չեն սիրում նրանք այդ օրակարգը։ Ինչ-որ արժեքի քարոզ ու առաջխաղացում՝ խնդրեմ, լիքը փող կա։ Բազմակարծություն ու արժեքների շուրջ բանակցություն՝ պատասխանը մեկն է՝ ցտեսություն։

Ինչու՞ արտասահմանցի դոնորը չի սիրում բանակցությունների կուլտուրայի զարգացումը ու բազմակարծության խրախուսումը Հայաստանում՝ ինձ քիչ է հետաքրքրում։ Ինչու՞ դա մենք չենք սիրում։ Այ սա է ինձ շատ հետաքրքրում։ Դե ասեք, ՔՊ-ի 80 տոկոս ձայների մեջ ինչ շահեր ու արժեքներ են։ Հնին մերժելու՝ սա մեկ, սա գիտենք։ Սա ընդունեցինք։ Իսկ հետո՞։

Մասնավորացնեմ, երևանցի ծերե՞րն են կարևոր, թե՞ երեխաները։ Երևանի բիզնես ենթակառուցվածքը պիտի՞ բարելավենք, թե՞ ռեկրեցիոն ենթակառուցվածքները։

Ավտոմեքենաներին՝ ավտոտնակնե՞ր, թե՞ երեխաներին՝ խաղալու բակ։ Լիբերալ անարխիա՞՝ հազարումի անօրինական կառուցապատումներով, թե՞ ուժեղ վերահսկողություն՝ լիքը տուգանքներով։ Կենտրո՞ն, թե՞ ծայրամասեր։ Միգուցե Արաբկի՞ր։ Ամեն ինչ հնարավոր չէ, ու դա պոպուլիզմ է։ (Հա, նշածս քաղաքական միջազգային միտքը հաշմանդամների իրավունքներն են օրակարգ մտցնելու։ Ղազախստանում ու Տաջիկստանում այդպես է։ Այստեղ էլ նույնը կլինի։)

Լավ, այսպես մի քսան էջ էլ կարող եմ գրել։ Դուք՝ վստահ եմ նույնպես կարող եք գրել։ Բայց զգու՞մ եք, որ ինչ-որ ներքին զգացումով չեք արտահայտվում։ Հա, այդպես է ու այդպես եղել է միշտ պատմականորեն։ Նաև այս ընտրության հիմնական բացահայտումն էլ ասեմ՝ ՀՅԴ-ն իր մշտական 5 տոկոսը չունի, պարզվեց, որ դա առասպել է։»:

Տեսանյութեր

Լրահոս