
Մեսսին և Ռոնալդուն բաց կթողնեն ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը

Այսօր հայտնի կդառնա, թե ով է տարվա լավագույն ֆուտբոլիստը՝ ըստ ՖԻՖԱ-ի: Այս մրցանակաբաշխության 2 մշտական աստղերը՝ Մեսսին և Ռոնալդուն, չեն մասնակցի պաշտոնական արարողությանը: Ի տարբերություն Մեսսիի՝ Ռոնալդուն լավագույն եռյակում է և կարող է նվաճել մրցանակը:
Ոչ միայն Ռոնալդուն, այլև «Յուվենթուսի» բոլոր ֆուտբոլիստները չեն մեկնի մրցանակաբաշխությանը խիտ գրաֆիկի պատճառով: Թուրինցիներն Ա սերիայում խաղ ունեն չորեքշաբթի օրը:
Ռոնալդուն չէր մասնակցել նաև Մոնակոյում կայացած ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը: Ի տարբերություն նախորդ դեպքի՝ այս անգամ պորտուգալացի ֆուտբոլիստը նախօրոք տեղեկացրել է, որ բացակայելու է:
Արգենտինացի Լիոնել Մեսսին պետք է մասնակցեր մրցանակաբաշխությանը, սակայն վերջին պահին խնդիրներ են առաջացել: El Mundo Deportivo-ի տվյալներով՝ Մեսսին կատաոնական ակումբին տեղեկացրել է, որ չի կարող մեկնել Լոնդոն ընտանեկան խնդիրների պատճառով:
Մեսսին կարող է հայտնվել տարվա խորհրդանշական հավաքականում, բայց նրա գոլը Նիգերիայի դարպաս կարող է դառնալ տարվա լավագույն գոլը: Մեսսին լավագույն եռյակում է եղել վերջին 11 տարիներին: Վերջին անգամ Մեսսին առաջատար եռյակում չի եղել 2006 թվականին:
Իսկ այս տարի լավագույնների եռյակում են Կրիշտիանու Ռոնալդուն, Լուկա Մոդրիչը և Մոհամեդ Սալահը: Միջոցառման ժամանակ «Բարսելոնան» կներկայացնեն ղեկավարության ներկայացուցիչներ Խավիեր Բորդասը և Գիլիերմո Ամորը:
Սիրարփի Աղաբաբյան