«Ես համաձայն չեմ VAR-ի հետ: Սա հեռացում չէր». Վալվերդե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է «Ժիրոնայի» հետ 5-րդ տուրի հանդիպումը (2: 2):
Հանդիպման 35-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Կլեման Լենգլեն հեռացվեց կիսապաշտպան Պերե Պոնսի դեմքին արմունկով հարվածելու համար: Հանդիպման գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոն որոշումը կայացնելուց առաջ դիտել է դրվագի կրկնապատկերը:
«Հեռացումն ազդեց խաղի վրա: Դրանից առաջ մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, ապա հակառակորդը հավասարեցրեց հաշիվը, առաջ անցավ, և մենք ստիպված եղանք փոխել խաղը:
Ես չեմ տեսել դրվագի կրկնապատկերը, բայց դա նշանակություն չունի: Ես համաձայն չեմ VAR-ի հետ, բախում է եղել, բայց ագրեսիա չկար: Սա հեռացում չէր: Ընդհանուր առմամբ, արժե ստուգել, թե արդյո՞ք Լենգլեին չեն հարվածել:
Ցավում եմ, որ ավելի վաղ դաշտ դուրս չեմ բերել Ումտիտիին, բայց մենք վերահսկում էինք խաղը, մրցակցի գոլը ստեղծվեց ոչնչից»,- նշել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան