Բաժիններ՝

Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը և Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ աշխատանքը, համագործակցությունը ՀԱՊԿ, ԱՊՀ եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում: Անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացմանը ԵԱՏՄ շրջանակում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցերը՝ ընդգծելով, որ մեր երկրի համար առանցքային նշանակություն ունի անվտանգության մարտահրավերներին արդյունավետ դիմակայելը: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ եւս մեկ անգամ վերահաստատելով հայկական կողմի դիրքորոշումը՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

«Բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն է: Այդ պետությունը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, մինչդեռ հակամարտության կարգավորումը պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների իրագործումը: Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը»,-ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս