ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ սքանավորել և հրապարակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները։ Այս մասին սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Օրենքի նման պահանջ չկա, բայց այսօր ԿԸՀ-ն որոշում է կայացրել հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները, որպեսզի բոլորը դրանց ծանոթանան և անճշտություններ նկատելու դեպքում դիմեն մեզ»,- ասաց Մուկուչյանը։
Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ իրենց կառույցը ընտրությունների ամբողջ ընթացքում իրականացրել է օրենքով նախատեսված բոլոր գործառույթները։
«Լիարժեք ծավալով մենք ապահովել ենք բոլոր ընտրական գործընթացների նկատմամբ առավելագույն թափանցիկությունը։ Ընտրական օրենսգրքով սահմանված մեր բոլոր գործառույթները իրականացրել ենք ու շարունակելու ենք իրականացնել»,- նշեց նա։
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին ու նոր ավագանու անդամները կստանան իրենց մանդատները։