Բաժիններ՝

«Մեր պատասխանը կլինի ջախջախիչ և դուք կզղջաք ձեր արարքի համար». Իրանը խոստացել է ԱՄՆ-ին և Իսրայելին ջախջախիչ հարված հասցնել

Իրանը պատրաստ է ջախջախիչ պատասխան տալ ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողություններին: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) փոխհրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:

«Դուք արդեն տեսել եք Իրանի վրիժառությունը,-Սալամիի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:-Մեր պատասխանը կլինի ջախջախիչ եւ դուք կզղջաք ձեր արարքի համար»:

Հաղորդագրության մեջ ճշտվում է, որ գեներալի խոսքերը հնչել են Ահվազում ահաբեկչական գործողության զոհերի հետ հրաժեշտի արարողությանը: Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել զորահանդսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձինք, որոնք գտնվում էին տրիբունայի հետեւում: Զոհվել է առնվազն 29 մարդ, եւս 57-ը վերքեր են ստացել:

ISNA գործակալության տվյալներով՝ ահաբեկչական գրոհի պատասխանատվությունն ստանձնել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Հայրենասիրական արաբական դեմոկրատական շարժում Ահվազում» խմբավորումը: Միեւնույն ժամանակ Reuters գործակալությունը հայտնել է, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:

Մինչդեռ Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին ավելի վաղ հայտարարել է, որ Ահվազում գրոհ ձեռնարկած ահաբեկիչները պատրաստվել են Պարսից ծովի երկու երկրների կողմից:

Նա նաեւ հայտարարել է, որ ահաբեկիչները ԻՊ-ի կամ Իրանի իսլամական համակարգի դեմ պայքարող այլ խմբավորումների անդամներ չեն, բայց նրանք կապված են ԱՄՆ-ի եւ Իսրայելի արտաքին հետախուզության «Մոսսադ» ծառայության հետ: Վաշինգտոնը մերժել է իրանական իշխանությունների մեղադրանքները, իսկ Թել Ավիվն առայժմ չի մեկնաբանում այդ հայտարարությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս