
Իրանում սուգ է հայտարարված զորահանդեսի ժամանակ ահաբեկչությունից զոհվածների հիշատակին

Իրանի կառավարությունը սեպտեմբերի 24-ը սգո օր է հայտարարել Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվածների հիշատակին: Համապատասխան հայտարարությունը հայտնվել է երկրի նախագահի պաշտոնական կայքում:
«Ահվազ քաղաքի բնակիչների եւ բնակչության անվտանգության պաշտպանների վրա սեպտեմբերի 22-ին ձեռնարկված ահաբեկչական գրոհը ցույց տվեց, որ Իրանի թշնամիները ոչ մի այլ նպատակ չեն հետապնդում, քան Իրանն ու իրանցիներին ոչնչացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 22-ին Իրանի Ահվազ քաղաքում ահաբեկչական գործողություն է տեղի ունեցել զորահանդեսի ժամանակ: Մարդկանց վրա կրակ են բացել անհայտ զինված անձինք, որոնք գտնվում էին տրիբունայի հետեւում: Զոհվել է առնվազն 29 մարդ, եւս 57-ը վերքեր են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: