ԱՄՆ-ը և Չինաստանը ներմուծման նոր մաքսատուրքեր են սահմանել միմյանց ապրանքների վրա
ԱՄՆ-ում տեղական ժամանակով կեսգիշերից (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ից) ուժի մեջ են մտել նոր 10-տոկոսանոց սակագները Չինաստանից ներմուծվող 200 մլրդ դոլար գումարի չինական ապրանքների վրա: Միաժամանակ Չինաստանում 60 մլրդ դոլար գումարի նոր սակագներ են սկսել գործել ամերիկյան ապրանքների նկատմամբ:
Ավելի վաղ կողմերը սակագներ էին սահմանել 50 մլրդ դոլար արժեքով արտադրանքի վրա:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է ՉԺՀ-ին, որ Չինաստանի կողմից հայելային միջոցառումների դեպքում մաքսատուրքերը հավելյալ կարող են տարածվել 267 մլրդ դոլար գումարի ապրանքների վրա: Այդպիսով, հաշվի առնելով 50 մլրդ դոլարի չափով արդեն գործող մաքսատուրքերը, գործնականում ԱՄՆ-ում մաքսատուրքեր կդրվեն չինական ամբողջ ներմուծման վրա, որը գերազացնում է տարեկան 500 մլրդ դոլարը:
Իր հերթին Չինաստանը տարեկան ԱՄՆ-ից ներմուծում է մինչեւ 190 մլրդ դոլարի ապրանքներ ու ծառայություններ: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ ստեղծված պայմաններում Չինաստանը կարող է հրաժարվել առեւտրական տարաձայնությունների շուրջ բանակցություններից, որոնց անցկացման նախաձեռնությամբ հանդես է եկել Վաշինգտոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: