Մխիթար Հայրապետյանի աշխատանքային այցը Լիբանան շարունակվում է
Սեպտեմբերի 22-ին Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն այցելեց Այնճար և հանդիպեց քաղաքապետ Վարդգես Խոշյանի, հոգևոր հայրերի, Ազգային «Յառաջ-Գ. Կիւլպէնկեան» վարժարանի տնօրեն Արմեն Թաշճյանի, Հայ ավետարանական երկրորդական վարժարանի տնօրեն Պատվելի Հակոբ Ագբաշարյանի, համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարարների ու այնճարցիների հետ:
Սեպտեմբերի 23-ին նախարարը հանդիպումներ ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Արժանապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Գրիգոր Պետրոս Ի Կապրոյանի և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոսթյանի հետ:
Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում Մխիթար Հայրապետյանը Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն աշխատանքային հանդիպումներ ունեցավ Լիբանանի ՀՅԴ կուսակցության ղեկավար կազմի հետ՝ Լիբանանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունու գլխավորությամբ, Լիբանանի ՍԴՀԿ-ի ղեկավար կազմի հետ՝ ՍԴՀԿ Լիբանանի Շրջանային վարիչ մարմնի ատենապետ Սեպուհ Կալփակյանի գլխավորությամբ, Լիբանանի ՌԱԿ-ի ղեկավար կազմի հետ՝ ՌԱԿ կենտրոնական վարչության համաշխարհային կենտրոնական վարչության ատենադպիր, «Զարթոնք» օրաթերթի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի գլխավորությամբ, ՀԲԸՄ Լիբանանի շրջանակային վարչության ղեկավար կազմի հետ՝ ՀԲԸՄ Լիբանանի Շրջանակային վարչության ատենապետ Ժերար Թուֆենքճյանի գլխավորությամբ:
Սփյուռքի նախարարը հանդիպեց նաև Լիբանանի հայ համայնքի կրթական, մշակութային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների, համայնքային գործիչների և լիբանանահայ գործարարների հետ:
Ավելի ուշ Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի հետ և քննարկել Հայաստանում զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրները, Հայաստանում լիբանանյան փորձի ներդրման հնարավորությունները: Նախարար Կիտանյանը մանրամասն ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը, կառուցվածքը, իրավասությունների շրջանակները, ինչպես նաև զբոսաշրջիկների ներգրավման, զբոսաշրջիկների առանձին խմբերի հետ աշխատանքի առանձնահատկությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպել Երևանում և ավելի մանրամասն քննարկել համատեղ անելիքները և գործնական քայլերը։