ՄԻՊ-ը՝ արձանագրված խախտումների մասին
Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու ընտրության օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ժամը 15:00‑ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 23 ահազանգ:
Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է այսօր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղ գտած ավելի քան 600 հրապարակում:
Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը վերաբերում են հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղամասերի անմատչելիությանը, նույնականացման քարտով ընտրելու հնարավորությանը, իրազեկման թերթիկ չստանալուն և այլն:
Բացի դրանից, աշխատակազմի թեժ գծին այսօր առավոտյան ստացված հեռախոսազանգի միջոցով քաղաքացին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով նախորդ օրը երեկոյան ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին և հարկադրաբար պահվել մինչև առավոտյան 06:00-ն: Խնդրի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ հաղորդման հիման վրա անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանին հաղորդում է ներկայացրել նաև Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում արձանագրված հրապարակումները վերաբերել են տեղամասերի կահավորմանը, հանձնաժողովների անդամների վարքագծին և այլն: Արձանագրվել են քվեարկության գաղտնիության ապահովման խնդիրներ, մասնավորապես՝ քվեաթերթիկների լուսանկարահանման և տարածման դեպքեր: Արձանագրվել են նաև տեղամասերի մոտակայքում կուտակումների և ընտրողների ուղղորդման դեպքերի վերաբերյալ հրապարակումներ:
Առանձին ուշադրություն է դարձվել լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների մասին տեղեկություններին:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շուրջօրյա գործում է թեժ գիծը՝ 116 կամ (096) 116100, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: