Դանակահարված քաղաքացին բուժօգնության է դիմել. ահազանգ ոստիկանությունում
Սեպտեմբերի 21-ին, ժամը 21.25-ին «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք հեմոթորաքս ձախից» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկը հայտնեց, որ ըստ տուժողի, ընկել է երկաթյա ամրաձողի վրա: Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժողն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանները պարզեցին, որ իրականում դանակահարություն է եղել։ Նախնական տվյալներով, սեպտեմբերի 21-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Արարատ քաղաքի Սպանդարյան փողոցի վերջնամասում, պարտքով տված փողի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, տուժածին դանակով հարվածել է 20-ամյա Գևորգ Պ․-ն։
Գևորգ Պ․-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: